Ադրբեջանցի պատգամավորները դիմել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը եւ դադարեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերը։ Դրա մասին Միլլի Մեջլիսի նիստում այսօր հայտարարել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։
«Ադրբեջանը անկախ ներքին եւ արտաքին քաղաքականություն վարող երկիր է եւ ինքնուրույն ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հիշեցնեմ նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը. ոչ ոք չի կարող մեզ որեւէ բան թելադրել կամ միջամտել մեր ներքին գործերին։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ջեբրայիլ կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատական հայտարարություններ էր հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին՝ բողոքելով, թե Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի նկատմամբ, իսկ հետ առաջարկում բարեկամություն անել։
«ԱՄՆ Կոնգրեսի 60 հայամետ անդամներ դիմել են ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։ Այս առավոտ ես նայեցի այդ կոչը. դա նվաստ կոչ է եւ չի կարող ազդել մեր կամքի վրա: Այնուամենայնիվ, ի՞նչ է դա ցույց տալիս։ Մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։
Նա նաեւ պնդել էր, որ փաստաթուղթը ուսումնասիրելուց հետո հասկացել է, որ դրա հասցեատերն ու հեղինակը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է եղել։