Հայաստանը հույս ունի առաջիկա չորս շաբաթների ընթացքում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի դրույթները, Reuters-ի հետ զրույցում ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նախագահը նաեւ նշել է, որ Երեւանը հուսով է, որ մինչեւ նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության COP29 համաժողովը Ադրբեջանը կստորագրի 16 համաձայնեցված հոդվածները:
«Եթե դա միայն մեզնից կախված լիներ, ապա մենք այն կստորագրեինք հենց հիմա, այսօր»,- ասել է Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովին ունեցած ելույթի ժամանակ եւ հավելել․ «Բայց մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ կհասնենք այդ կետին»:
Հայաստանի նախագահը նաեւ հավելել է, որ մի քանի այլ հոդվածների շուրջ դեռեւս բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ չհստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը։
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Խաչատուրյանը նշել է, որ այս ուղղությամբ բանակցությունները լավ են ընթանում, եւ քննարկվում է երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանի բացման հարցը։
«Սա ազդանշան կլինի, որ իրական դիվանագիտական հարաբերություններն իրականություն են դարձել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ջեբրայիլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել էր խաղաղության համաձայնագիրը ավարտելու ցանկության հարցում անկեղծ չլինելու եւ նոր մարտերի համար վերազինվելու համար՝ Երեւանին կոչ անելով «դադարեցնել վտանգավոր խաղերը»։
Հայաստանի ղեկավարությունն արդեն բազմիցս վերահաստատել է, որ պատրաստակամ է խաղաղության պայմանագիրը ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված դրույթներով, իսկ չհամաձայնեցված հատվածների շուրջ քննարկումները թողնել հետագային։