Ֆրանսիան ծրագրում է Ուկրաինային փոխանցել Mirage-2000 կործանիչներ 2025 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում: Դրա մասին X-ի էջում գրել է պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն։
Նա հավելել է, որ Կազոյում (Ժիրոնդի դեպարտամենտ) օդանավը կհամալրվի նոր սարքավորումներով, մասնավորապես՝ «օդ-երկիր» կրակի համակարգերով եւ ռադիոէլեկտրոնային պայքարի սարքերով։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նաեւ նշել է, որ ուկրաինացի օդաչուների եւ մեխանիկների ուսուցումը Mirage-ների օգտագործման համար շարունակվում է։
Լըկորնյուն, սակայն, չի նշել, թե կոնկրետ քանի ինքնաթիռ է ստանալու Ուկրաինան։ Նախկինում լրատվամիջոցները ենթադրում էին, որ դժվար թե դրանք մեծ թվաքանակով լինեն՝ հաշվի առնելով հենց Ֆրանսիայի զինանոցում դրանց սահմանափակ թվաքանակը։ Բացի այդ՝ այս տեսակի նոր ինքնաթիռներ այլեւս չեն արտադրվում։
Ուկրաինային Mirage 2000-5 կործանիչների մատակարարման մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր հունիսին՝ կրկին հստակ թվաքանակ չնշելով։ Այդ ժամանակ նա ընդգծել է, որ մարտական ինքնաթիռները «Ուկրաինային թույլ կտան պաշտպանել իր հողն ու օդային տարածքը»:
«Mirage 2000»-ը չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ միաշարժիչ ռեակտիվ կործանիչ է։ Այն ներառված է Ֆրանսիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի եւ Թայվանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։
Նախօրեին էլ Ուկրաինային F-16 կործանիչների առաջին խմբաքանակի մատակարարման մասին էր հայտարարել Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։
Օգոստոսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերը ստացել են առաջին ամերիկյան F-16 կործանիչները։ Ըստ The Economist-ի՝ Ուկրաինան մինչ այժմ ստացել է տասը կործանիչ, իսկ մինչեւ 2024 թվականի վերջը երկիր կժամանի եւս 20 ամերիկյան արտադրության ինքնաթիռ։