Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում բացվել է առաջին երիտասարդական կենտրոնը, որը ծառայելու է գյուղական բնակավայրերից կազմված Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչներին:
Ընթերցել, նկարել, բիզնես գաղափարներ, գյուղատնտեսական հարցեր քննարկել, ամենատարբեր դասընթացների մասնակցել. հիմնադիրներն ասում են՝ տարբեր տարիքի բնակիչների համար կենտրոնը կդառնա թե՛ կրթական, թե՛ զարգացնող եւ հաճելի ժամանցի վայր:
Կենտրոն ունենալու նախաձեռնությունը «Պանդո» հասարակական կազմակերպությանն է, գաղափարն իրականություն են դարձրել LEAD4Shirak ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ, «Կենտրոնական Շիրակ» տեղական ակտիվ խմբի, ինչպես նաեւ Ախուրյանի համայնքապետարանի աջակցությամբ։
Նշենք, որ LEAD4Shirak ծրագիրը Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցությամբ միայն Ախուրյանում 30 խոշոր ծրագիր է իրականացրել, շուրջ 200 միլիոն դրամ ներդրել համայնքային եւ բիզնես ծրագրերում: Ծրագրի շնորհիվ Ախուրյանում հիմնվել են ջերմոցներ, պտղատու այգիներ, հյուրատներ, իրականացվել երիտասարդությանն ուղղված ծրագրեր: