Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի մասնակցության եւ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով իրականացնելու մասին։ Դրա մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար։
Բաղդասարյանի փոխանցմամբ՝ վարչապետը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, փոխանցել ծրագրի բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձեւակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ։
«Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ձեւաչափերում նույնական է»,- գրել է վարչապետի խոսնակը։
Բացի այդ՝ նշվում է, որ Փաշինյանը դրական է գնահատում Պուտինի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Կողմերը ձեռք են բերել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ։