Արեւմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը գոյություն ունենալու իրավունք չունի, հատկապես, երբ դրանք անօրինական են եւ կիրառվում են բոլորովին անհիմն ու ընտրողաբար։ Այս մասին լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պատժամիջոցի և կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իր դիրքորոշումը արտահայտի համախմբված։ Մենք ազգային մակարդակով այս դիրքորոշումն ենք հայտնում մեր եւ ոչ միայն մեր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ։ Պատժամիջոցները մեր նկատմամբ կիրառվեցին 1992 թվականին այն անհեթեթ մեղադրանքով, որ մենք շրջափակում ենք Հայաստանը այն ժամանակ, երբ մեր տարածքները հայկական օկուպացիայի տակ էին»,-ասել է Ալիեւը։
Նրա խոսքերով՝ այդ պատժամիջոցները չեղարկվեցին 2001 թվականին, երբ ԱՄՆ-ին անհրաժեշտ էր օդային, ցամաքային եւ ծովային բեռները Ադրբեջանի տարածքով տեղափոխել Աֆղանստան՝ այնտեղ պատերազմի սկսվելուց հետո։
«Եվ ամեն տարի ԱՄՆ նախագահը, անկախ կուսակցական պատկանելությունից, իր որոշմամբ չեղյալ է համարել այդ պատժամիջոցները մինչեւ այն պահը, երբ ԱՄՆ-ը փախել է Աֆղանստանից։ Սրանից հետո մեր նկատմամբ կրկին պատժամիջոցներ կիրառվեցին։ Երբ ես մեղադրեցի նրանց անշնորհակալ լինելու համար, կարծում եմ, որ սա ամենադաժան բառը չէ այս համատեքստում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ջեբրայիլ կատարած այցի ժամանակ Ալիեւը քննադատական հայտարարություններ էր հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին՝ բողոքելով, թե Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի նկատմամբ, իսկ հետո առաջարկում բարեկամություն անել։
«ԱՄՆ Կոնգրեսի 60 հայամետ անդամներ դիմել են ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։ Այս առավոտ ես նայեցի այդ կոչը. դա նվաստ կոչ է եւ չի կարող ազդել մեր կամքի վրա: Այնուամենայնիվ, ի՞նչ է դա ցույց տալիս։ Մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։
Նա նաեւ պնդել էր, որ փաստաթուղթը ուսումնասիրելուց հետո հասկացել է, որ դրա հասցեատերն ու հեղինակը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է եղել։