Հայաստանի տարածքում` պայմանական սահմանին, ԵՄ առաքելության տեղակայումն էլ ավելի է սրում իրավիճակը։ Այս մասին ասել է Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիեւը՝ այցով Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի հետ հանդիպման ժամանակ։
«Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում՝ պայմանական սահմանին, ինչպես նաեւ Հայաստանի զինումը տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների, մասնավորապես Ֆրանսիայի կողմից, հանգեցրին Հայաստանում ռեւանշիստական ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ են ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար եւ խոչընդոտում են խաղաղ գործընթացը՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները Վալիեւի խոսքերը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում նախագահ Իլհամ Ալիեւը, հայտարարելով ռազմական ներուժի կրկնապատկման անհրաժեշտության մասին, դա բացատրել էր նաեւ Հայաստանում «ռեւանշիստական միտումների» ի հայտ գալով։ Նա նաեւ նշել էր, որ Արեւմուտքը ռազմական աջակցություն է տրամադրում հայկական կողմին եւ զորավարժություններ անցկացնում՝ ձգտելով Հայաստանին դրդելու Ադրբեջանի դեմ նոր պատերազմի։
Մինչ Բաքու ուղեւորվելը ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն Յանուշ Ադամչակը Երեւանում հանդիպումներ էր անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պետպաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լեւոն Այվազյանի հետ։
ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հնարավորություններին։ Բացի այդ՝ կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, եւ կարծիքներ են փոխանակվել միջազգային ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ: