Նոբելյան կոմիտեն հրապարակել է 2024 թվականի քիմիայի մրցանակի դափնեկիրների անունները՝ Դեյվիդ Բեյքեր, Դեմիս Հասաբիս եւ Ջոն Ջամփեր։
Հասաբիսը եւ Ջամփերը՝ AlphaFold2 ծրագրի ստեղծողները, մրցանակ են ստանում «սպիտակուցի կառուցվածքի կանխատեսման» համար, իսկ Բեյքերը՝ «սպիտակուցների համակարգչային ձեւավորման» համար։
Ընդհանուր առմամբ, դափնեկիրների աշխատանքը թույլ է տվել լուծել մի հիմնարար խնդիր, որը գրեթե կես դար առկա է եղել քիմիայի եւ կենսաբանության ոլորտում. սպիտակուցի ամինաթթուների հաջորդականությունը որոշում է նրա եռաչափ կառուցվածքը, սակայն մինչ ներկայիս դափնեկիրների աշխատանքը որեւէ կերպ հնարավոր չի եղել կանխատեսել, թե ինչպիսին այն պետք է լիներ։
Քիմիայի մրցանակը Նոբելյան շաբաթվա երրորդ պարգեւատրումն է։ Նախկինում հայտնի էին դարձել բժշկության եւ ֆիզիոլոգիայի, ինչպես նաեւ ֆիզիկայի բնագավառում դափնեկիրների անունները։
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրներն էին Վիկտոր Ամբրոսը եւ Գարի Ռավկունը միկրոՌՆԹ-ի հայտնաբերման համար: Ֆիզիկայի մրցանակը ստացել են Ջոն Հոփֆիլդը եւ Ջեֆրի Հինթոնը։ Նրանք մրցանակի են արժանացել նեյրոնային ցանցերի հիմնարար հետազոտության համար։
Հոկտեմբերի 10-ին հայտնի կդառնա գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի Օսլոյում հոկտեմբերի 11-ին։ Հոկտեմբերի 14-ին էլ հայտնի կդառնա, թե ով է ստացել Նոբելյան մրցանակը տնտեսագիտության ոլորտում։
Մրցանակները դափնեկիրներին կհանձնվեն դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։ Արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում։