«Թատերական Լոռի» միջազգային 30-րդ փառատոնին սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Ալավերդի, Վանաձոր եւ Տաշիր քաղաքներում բազմաժանր ներկայացումներով հանդես եկան պրոֆեսիոնալ թատրոններ Հայաստանից եւ Ռուսաստանից:
Հոբելյանական 30-րդ փառատոնը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին: Այդ առիթով փառատոնի մեկնարկը տրվեց Վանաձորում՝ նրա ղեկավարած դրամատիկական թատրոնում:
Փառատոնին մասնակից թատրոններն այս տարի 12-ն էին: Մինչդեռ տարիներ առաջ այս թիվը մի քանի անգամ ավելի է եղել:
«Լավագույնը 2018-2019 թվականներն էին, երբ 24 թատրոն էր մասնակցում, ամբողջ մարզի տարածքում 46-47 ներկայացումներ էինլինում: Օրեր կային, որ հինգ քաղաքում միաժամանակ ներկայացումներ էին անցկացվում: Հիմա կոնկրետ Ալավերդի քաղաքում դահլիճի խնդիր ունենք: Դահլիճը, որտեղ խաղում ենք, այլեւս անհնար է շահագործել, վթարային է, առաստաղից ծեփ է թափվում: Սարահարթի մշակույթի պալատն էլ լավ օրի չէ, տարրական պայմաններ չկան, կահավորված չէ, վարագույրները, լույսերը փոխելու խնդիր կա», — «Ալիք Մեդիա»-ին հայտնեց «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը:
Դահլիճը, որտեղ հիմնականում անցկացվում են փառատոնային ներկայացումները եւ քաղաքային այլ միջոցառումներ, Ալավերդու նախկին պղնձաձուլական կոմբինատի մշակույթի պալատի շենքում է: Շենքը հիմա «Վալլեքս» խմբի սեփականությունն է: Այս շենքում են գործում Ալավերդու քաղաքային թատրոնը, «Լազուր» ժողգործիքների անսամբլը, Հովհաննես Թումանյանի անվան մանկական գրադարանը:
Այստեղ շուտով հիմնանորոգման աշխատանքներ են սկսվելու:
Իսկ համայնքապատկան դահլիճները Ալավերդիում երկուսն են՝ Սարահարթի մշակույթի պալատինը, որտեղ պայմաններն անբավարար են, եւ նախկին «Պիոներ պալատինը», որը նոր է, հիմնանորոգված, բայց փոքր է:
Ալավերդու քաղաքային թատրոնն այսուհետեւ գործելու է նախկին «Պիոներ պալատի»՝ վերջերս հիմնանորոգված շենքում:
«Բարեբախտաբար նոր տարածք ունենք, որտեղ կարող ենք կամերային փոքր թատրոններ ընդունել, ինչը հրաշալի է, բայց միայն կամերային ներկայացումները բավարար չեն, տեղի հանդիսատեսին պետք են ավելի մեծ, ժամանցային ներկայացումներ, շոուներ: Սարահարթի մշակույթի պալատի հիմնանորոգման համար նախնական հաշվարկներով 3 մլն դոլար է անհրաժեշտ: Եթե այսօր էլ սկսեն աշխատանքները, երկու տարում չեն հասցնի ավարտել: Բացի այդ՝ համայնքապետն ասել է, որ փառատոնն ամենամյա են դարձնելու»,- նշում է փառատոնի տնօրենը եւ ավելացնում՝ դահլիճի խնդրով պայմանավորված՝ գուցե ուղղությունը փոխեն եւ չսահմանափակվեն միայն դրամատիկական ներկայացումներով ու նաեւ օպերային, երգի, պարի թատրոնների հրավիրեն փառատոնին:
Լոռու մարզի մյուս քաղաքներում էլ դահլիճները, մեղմ ասած, լավ վիճակում չեն: Վանաձորում, օրինակ, տեխնիկական խնդիրներ չկան, բայց թատրոնի շենքն է հին: Սպիտակում էլ արտաքին պայմանները կան, բայց լուսային տեխնիկա եւ ջեռուցման հնարավորություն չկան:
Հրաչյա Պապինյանի պնդմամբ՝ միջազգային փառատոն անցկացնելու համար պետք է կարողանալ բավարարել դրսից եկող ու նաեւ տեղի անվանի թատրոնների պահանջները, որոնք հիմնականում դահլիճային պայմանների հետ են կապված:
«Ժամանակակից աշխարհում բարբարոսություն կթվա, բայց մեր գրիմանոցներում լվացարան չկա: Սկսած լուսարձակների անվանումներից, ձայնի հնչողությունից, սարքավորումների որակից, թե որ երկրի արտադրանք են, ինչ հզորություն ունեն՝ թատրոնները հաճախ պահանջում են, ու երբ փորձում ենք փառատոնի հեղինակությունն ավելի բարձրացնել, անվանիների հրավիրել, կանգնում ենք խնդիրների առաջ»:
2012 թվականից «Թատերական Լոռին» միջազգային փառատոնի կարգավիճակ ունի: Փառատոնին մասնակցում են թատերական կոլեկտիվներ աշխարհի տարբեր երկրներից: Իսկ 2014-ից սկսած՝ փառատոնի ծրագրով անցկացվում են «Ռուսական թատրոնի օրեր», որին մասնակցում են թատերախմբեր Ռուսաստանի Դաշնությունից եւ ԱՊՀ երկրներից, Վրաստանից, մասնակցում են նաեւ Երեւանի թատրոնները՝ ռուսալեզու ներկայացումներով:
Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցեցին Մոսկվայի հայկական, Դաղստանի եւ Լիպեցկի պետական տիկնիկային թատրոնները:
Լոռու թատերական փառատոնը մշտական ֆինանսական աջակցություն ստացել է «Վալլեքս» խմբի, նաեւ Հայաստանի մշակույթի նախարարության, Ալավերդու համայնքապետարանի եւ «Ռուսական աշխարհ» հիմնադրամի կողմից: Կազմակերպիչները նաեւ դրամաշնորհային տարբեր ծրագրերի են դիմել՝ լրացուցիչ ֆինանսներ ներգրավելու նպատակով:
Փառատոնը որեւէ կառույցի կողմից կայուն ֆինանսավորում երբեք չի ունեցել: Համայնքային բյուջեից հատկացումներ արվել են միայն տվյալ պահին ունեցած հնարավորությունների սահմանում՝ բյուջեի պահուստային ֆոնդից, ինչը, ըստ տնօրենի, փառատոնի զարգացման ամենամեծ խոչընդոտն է:
Հոբելյանական 30-րդ փառատոնին մշակույթի նախարարությունը չի աջակցել: Այն պետք է կայանար նախորդ տարի, բայց անցած տարի էլ Ալավերդու համայնքապետարանը փառատոնին աջակցելուց հրաժարվել է:
«2012 թվականից բոլոր փառատոներին նախարարությունը շատ թե քիչ աջակցել է: Բայց նախորդ իշխանության վերաբերմունքը վատ ազդեցություն ունեցավ նախարարության ֆինանսավորման տեսանկյունից: Դրամաշնորհին մասնակցելու համար դեռեւս մեկ տարի շուտ պետք է դիմել: Ու նաեւ պարտադիր կետ է, որ համաֆինանսավորողը գրի, թե ինչքան գումարով է ինքը մասնակցելու: Նախկինում էլ կար այդ կարգը, ուղղակի նշվում էր, որ համաֆինանսավորողը պատրաստ է աջակցելու: Բայց անգամ բովանդակային նամակ չէի կարողանա վերցնել Ալավերդու համայնքապետարանից»,- պատմում է Հրաչյա Պապինյանը:
Բոլոր ժամանակներում ֆինանսներ գտնելը փառատոնի հիմնական խնդիրն է եղել. տնօրենը փաստում է՝ ստեղծագործական պրոցեսների մասին մտածելու փոխարեն ռեսուրսներն ավելի շատ կենտրոնացնում է գումար հայթայթելու, թատերախմբերին հավուր պատշաճի ընդունելու ուղղությամբ:
Հանրապետության ամենաերկարակյաց թատերական փառատոնը հիմնադրվել է 1979 թվականին Լոռու Ակներ գյուղում: «Թատերական շաբաթները» 1981-ին տեղափոխվել է Ալավերդի եւ ստացել «Թատերական Լոռի» անունը: Ամենամյա փառատոնը 1993-ից անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
Հիմա կազմակերպիչները մտադիր են փառատոնը աշնան փոխարեն ամռանն անցկացնել՝ զբոսաշրջային ակտիվ ժամանակահատվածում Լոռու մարզ եկող զբոսաշրջիկներին որպես հանդիսատես ներգրավելու եւ փառատոնն առավել հայտնի դարձնելու նպատակով:
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։