Վերջին շրջանում Իսրայելի եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջեւ ռազմական բախումները Մերձավոր Արեւելքը հասցրել են տարածաշրջանային պատերազմի շեմին։ Դա հատկապես ակնհայտ դարձավ իսրայելական ավիահարվածի հետեւանքով «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի սպանությունից եւ Լիբանանի տարածքում Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողությունների մեկնարկից հետո։ Այս իրադարձությունները դարձան նաեւ անմիջական առիթ հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի դեմ զանգվածային հրթիռային հարձակման համար։
Պետք է նաեւ հիշել, որ նշյալ իրադարձությունների համար հիմնական պատճառներից եղան 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումը եւ դրան ի պատասխան Գազայում իսրայելական բանակի գործողությունները։ Հենց ՀԱՄԱՍ-ին եւ Պաղեստինի բնակչությանը աջակցելու եւ պաշտպանելու նշանաբաններով «Հեզբոլլահը» սկսեց գրեթե մշտական հրթիռային հարվածների տակ պահել Իսրայելի հյուսիսային շրջաններում տեղակայված ռազմաբազաները, ինչի հետեւանքով իրենց բնակավայրերը լքեցին շուրջ 80 հազար իսրայելցիներ։
Այս իրադարձություններում կենտրոնական դերակատարում ունեցող եւ արդեն այնքան հայտնի դարձած «Հեզբոլլահի» գործողությունների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար կարեւոր է դիտարկել հետեւյալ հարցերի պատասխանները․ 1․ ի՞նչ կառույց է, ինչպե՞ս եւ ի՞նչ պայմաններում է ձեւավորվել, 2․ ի՞նչն է նրան այնքան ամուր կապում Իրանի հետ, 3․ ի՞նչ գաղափարախոսություն ունի եւ 3․ վերջապես ի՞նչ նպատակներ է հետապնդում լիբանանյան այս կառույցը։
Կառույցի անվանումը եւ հիմնադրումը
Լիբանանի ներսում զգալի ազդեցություն ունեցող իսլամական, շիայական, սոցիալական, քաղաքական եւ ռազմական բնույթ ունեցող բազմաֆունկցիոնալ այս կառույցի (1992 թվականից ներկայացված է նաեւ երկրի խորհրդարանում) «Հեզբոլլահ» [حزب الله] անվանումը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Աստծո կուսակցություն»: Դրա կազմավորման սկիզբը, ըստ գլխավոր քարտուղարի տեղակալ շեյխ Նայիմ Կասսեմի, ընդունված է համարել 1982 թվականի ամառը, երբ 1975 թվականից քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված Լիբանանի տարածք լայնածավալ ներխուժում էր սկսել Իսրայելի պաշտապանության բանակը՝ նպատակ ունենալով այնտեղից դուրս մղելու «Պաղեստինի ազատագրության կազմակերպության» մարտիկներին, որոնք այդ երկրի հարավային շրջաններն օգտագործում էին որպես Իսրայելի դեմ հարձակումների հենակետ:
Այս ամենը պարարտ հող էր ստեղծել իսլամի թե՛ սուննի եւ թե՛ շիա ուղղություններին հարող մեծաթիվ համայնքների ներսում ռազմականացված եւ կրոնական հայեցակարգերի վրա հիմնված տարատեսակ դիամադրության շարժումների ձեւավորման համար: Նման կառույցների առկայությունը ակնհայտ էր դարձրել, որ իսրայելական բանակին դիմակայությունը հաջողության չէր կարող ունենալ առանց ընդհանրական ու համակարգված գործողությունների: Շիայական ռազմականացված որոշ զորամիավորումներ այդ խնդիրները լուծելու նպատակով փոխադարձ համաձայնությամբ որոշել էին միավորվել մեկ կառույցի մեջ, որին էլ տրվել էր «Հեզբոլլահ» անվանումը:
1993 թվականի օգոստոսին տված մեծ հարցազրույցում վերոգրյալի մասին պատմելիս «Հեզբոլլահ»-ի նախկին գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը նշել էր. «Մենք շարժում ենք, որը ծնվել է որպես արձագանք մեր երկրի մի մասի բռնազավթման: […] Ջիհադի ոգու անհրաժեշտություն էր զգացվել՝ անձնազոհության համար, անկաշկանդ նվիրվածության համար, եսասիրությունը եւ անձնական գայթակղությունները գերազանցելու զգացումների համար: Նման հակումներով ծնված եւ նման ոգի ունեցող մարդիկ արժանի են ամենալավ անունին, որն իրենց ամենաշատն է հարիր: Մարդկանց խումբը, որն իրեն նվիրել էլ Ամենակարող Ալլահին եւ որոշել դառնալ նահատակ թշնամու դեմ պայքարի ընթացքում, չնայած թե՛ ռազմական եւ թե՛ մարտական կարողությունների հարցում հավասարակշռության ակնհայտ բացակայության փաստին, արժանի է, որ կոչվի «Հեզբոլլահ»՝ Ալլահի կուսակցություն»:
«Հեզբոլլահի» գաղափարախոսությունը
Արդեն 1998 թվականի մարտի 20-ին կառույցի նպատակներն ընդգծող հայտարարության տեքստում «Հեզբոլլահի» կազմավորման պատճառները եւ կառույցի էությունը բացատրվում են հետեւյալ կերպ. «Հեզբոլլահը» իսլամական ազատագրական շարժում է, որը հիմնադրվել է 1982 թվականին իսրայելական բանակի կողմից Լիբանանը գրավելուց հետո, որի հետեւանքով անհապաղ ձեւավորվել էին իսլամական դիմադրության ստորաբաժանումներ՝ օկուպացված տարածքների ազատագրման եւ ագրեսիվ իսրայելական ուժերի վտարման համար»:
Ընդգծենք, որ «Հեզբոլլահի»՝ որպես կառույցի գոյության մասին առաջին անգամ հայտարարվել էր 1985 թվականի փետրվարի 16-ին: Այդ օրը Բեյրութի արեւմտյան մասում գտնվող ալ-Ուզայ մզկիթում շեյխ Իբրահիմ ալ-Ամինը ընթերցել էր «Հեզբոլլահի» գաղափարախոսական եւ դրա շրջանակում ձեւավորված նպատակներին հասնելու ուղղությունները ուրվագծող մանիֆեստը: Այն հետագայում կազմվել էր առանձին գրքույկի տեսքով եւ կրել ««Հեզբոլլահի» բաց նամակը նպատակների եւ սկզբունքների մասին» վերնագիրը:
Դրա առաջին հատվածում, որտեղ բացատրվում է կառույցի էությունը, հատկանշական ձեւով ընդգծվում է. «Մենք «Հեզբոլլահ» ազգի զավակներն ենք, որի առաջամարտիկներին Ալլահը հաղթանակ է պարգեւել Իրանում, որը հաստատել է աշխարհի կենտրոնական իսլամական պետության միջուկը՝ հնազանդվելով միակ իմաստուն եւ ճշմարտացի հրամանին, որը ներկայում մարմնավորված է գերագույն այաթոլլա Ռուհոլլա ալ-Մուսավի ալ-Խոմեյնի [Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի]՝ ճշմարիտ առաջնորդություն ստացած իմամի [իսլամական համայնքի հոգեւոր, քաղաքական, սոցիալական եւ ռազմական գործերը վարող գործիչ] մեջ, ով հավաքել է ընդհանրական իմամի բոլոր հատկանիշները, պայթեցրել մուսուլմանական հեղափոխությունը եւ բերել է փառահեղ իսլամական վերածնունդը»:
Հասկանալի է, որ Լիբանանի շիաների կողմից Իրանի ներսում տեղի ունեցած իսլամական հեղափոխության բաղկացուցիչ մաս համարելը զուտ համակրանքի հարց չէր, եւ որ սա ակնհայտորեն ընդգծում էր իրանական օրինակով երկրում իսլամական կառավարման համակարգի ձեւավորման ձգտումը: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության 1984 թվականին պատրաստած զեկույցում ներկայացվում է Իրանի Իսլամական Հանրապետության դեռ կառույցի ձեւավորման ընթացքում ցուցաբերած ծավալուն աջակցության մասին. «Իրանը սկսել է սերտ կապեր զարգացնել լիբանանյան շիաների հետ 1982 թվականի հունիսին՝ Իսրայելի ներխուժումից անմիջապես հետո: Հեղափոխության պահապանների կորպուսի մոտ 800 ներկայացուցիչներ Սիրիայի տարածքով ուղարկվել էին Լիբանան՝ «Հեզբոլլահի» հավաքագրմանը օժանդակելու, քաղաքական, կրոնական-գաղափարական եւ ռազմական պատրաստության՝ ներառյալ ահաբեկչական տակտիկայի ուսուցման կազմակերպման համար»:
Իրանի կողմից նման աջակցությունը առաջին հերթին պայմանավորված էր, իհարկե, իսլամական հեղափոխության գաղափարները արաբական եւ առավելապես շիայական բնակչություն ունեցող երկրներ «արտահանելու» քաղաքականության հետ, որն իր հերթին մեծ հնարավորություն էր տալու Թեհրանին ազդեցություն ձեռք բերելու տարածաշրջանում:
Ընդգծենք, որ գաղափարախոսական այն հիմքը, որի վրա 1979 թվականին Իրանում ձեւավորվել էր իսլամական հանրապետությունը, եւ դրան փաստացի նպատակադրվում էր ձգտել նաեւ «Հեզբոլլահը», կոչվում է «Վիլայաթ ալ-ֆաղիհ» (արաբ. ولاية الفقيه — «կրոնագետ-իրավաբանի կառավարում», պարս. ولایت فقیه): Դա կրոնական իրավունքի տեսություն է, որի համաձայն՝ Մուհամմադ մարգարեի հորեղբորորդի Ալի իբն Աբու Թալիբի սերունդներից 12-րդի՝ Իմամ ալ-Մահդիի բռնություններից թաքնվելու ժամանակաշրջանում մուսուլմանական ումմայի ղեկավարման գործառույթներն իրականացնում է ֆաղիհը, այսինքն՝ կրոնական իրավունքների այն գիտակը, որն ունակ է որոշումներ կայացնելու իսլամական իրավունքի հիման վրա:
«Հեզբոլլահի» մանիֆեստի տեքստում վերոգրյալ մասով նշվում է. «Մեր մշակույթի հիմնական աղբյուրը սուրբ Ղուրանն է, անսխալական սուննան (Մուհամմադ մարգարեի կյանքի ու գործունեւության մասին պատմող ավանդությունները), ինչպես նաեւ որոշումներն ու կրոնական այն գնահատականները, որոնք ընդունվել են կրոնագետ իրավաբանների կողմից, որոնք էլ ավանդության հարցերով հեղանակություն են մեզանում»:
Կառույցը, ըստ մանիֆեստի, չունի հստակ առանձին ռազմական թեւ, եւ այն ամբողջությամբ ընդունում է ռազմականացված բնույթ, երբ ուժի կիրառման անհրաժեշտություն է առաջանում՝ համաձայն ղեկավար շրջանակների գնահատականների: «Ինչ վերաբերում է մեր ռազմական հզորությանը, ապա ոչ ոք չի պատկերացնում դրա չափերը, քանի որ մենք չունենք ռազմական գործակալություն, որն անջատ է մեր մարմնի մյուս մասերից: Մեզնից յուրաքանչյուրը մարտական զինվոր է, երբ դա պահանջում է ջիհադի կոչը, եւ մեզնից յուրաքանչյուրն իր օրինական հանձնարարության համաձայն կատարում է իր առաջադրանքը մարտում` առաջնորդ իրավաբանի վերահսկողությամբ գործողությունների շրջանակներում»:
Չնայած որ «Հեզբոլլահը» հիմնադրվել էր Իսրայելի բռնազավթումների դեմ պայքարի համար, այնուամենայնիվ, դրա հայտարարագրի տեքստի մի քանի հատվածներում ընդգծվում է, որ կառույցի գլխավոր հակառակորդներից որպես պայքարի առաջին թիրախ ԱՄՆ-ն է, ապա՝ նաեւ վերջինիս աջակցությամբ գործող Իսրայելը։
«Մենք շարժվում ենք արատների արմատների դեմ պայքարելու ուղղությամբ, եւ արատի առաջին արմատը Ամերիկան է։ Մեզ մարգինալ գործողությունների մեջ ներքաշելու բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն՝ համեմատելով Միացյալ Նահանգների դեմ առճակատման հետ։ Իմամ Խոմեյնին՝ առաջնորդը, բազմիցս ընդգծել է, որ Ամերիկան է մեր բոլոր աղետների պատճառը եւ բոլոր չարության աղբյուրը: Պայքարելով դրա դեմ՝ մենք միայն իրացնում ենք մեր օրինական իրավունքը՝ պաշտպանելու մեր իսլամը եւ մեր ազգի արժանապատվությունը: Մենք անկեղծ եւ հստակ հայտարարում ենք, որ մենք մի ժողովուրդ ենք, որը վախենում է միայն Աստծուց եւ չի ընդունում բռնակալությունը, ագրեսիան եւ նվաստացումը։ Ամերիկան եւ նրա դաշնակիցները, ինչպես նաեւ սիոնիստական միավորումը [Իսրայելը], որը յուրացրել է Պաղեստինի սուրբ իսլամական երկիրը, ներգրավվել եւ շարունակում են մշտական ագրեսիայի մեջ մտնել մեր դեմ եւ աշխատում են մեզ անընդհատ նվաստացնելու ուղղությամբ: Հետեւաբար, մենք գտնվում ենք ագրեսիան հետ մղելու եւ մեր կրոնը, գոյությունն ու արժանապատվությունը պաշտպանելու մշտական եւ աճող պատրաստվածության վիճակում»:
Վերոգրյալ քաղվածքից նաեւ հասկանալի է դառնում, որ «Հեզբոլլահը» Պաղեստինը համարում է Իսրայելի կողմից օկուպացված իսլամական հող, որն այս դեպքում նաեւ բացատրում է վերջին օրերին ՀԱՄԱՍ-ին Իսրայելի դեմ հարձակումների համար աջակցելու հանգամանքը:
Հաջորդիվ շարունակելով ներկայացնել իսրայելական բռնազավթումը հայտարարագրի տեքստում՝ ասվում է. «Նրանք [Իսրայելը եւ ԱՄՆ-ն] հարձակվել են մեր երկրի վրա, ավերել մեր գյուղերը, կոտորել են մեր երեխաներին, ոտնահարել են մեր սրբությունները եւ մեր գլխին դրել հանցավոր կամակատարներ, որոնք սարսափելի ջարդեր են իրականացրել մեր ազգի դեմ։ Նրանք դեռ աջակցում են այս դահիճներին [այդ ժամանակ Լիբանանի ներսում գործող որոշ կառույցների], որոնք Իսրայելի դաշնակիցներն են եւ թույլ չեն տալիս, որ մենք որոշենք մեր ճակատագիրը մեր ազատ կամքով։ Նրանց ռումբերն անձրեւի պես ընկան մեր հարազատների վրա՝ սիոնիստների ներխուժման եւ Բեյրութի շրջափակման ժամանակ»:
«Հեզբոլլահի» նպատակները
Պայմանավորված վերոգրյալով՝ նշվում է, որ «Հեզբոլլահի» դիտարկմամբ մուսուլմանական ումմայի պաշտպանության միակ ուղին զոհաբերությամբ զենքի դիմելն է: «Այսպիսով՝ մենք տեսանք, որ ագրեսիան կարող է հետ մղվել միայն զոհողություններով եւ միայն արյան զոհաբերության միջոցով ձեռք բերված արժանապատվությամբ, եւ որ ազատությունը ոչ թե տրվում է, այլ վերականգնվում է թե՛ սրտի, թե՛ հոգու զոհաբերության շնորհիվ»։
Այս դրույթից բխող հիմնավորումներով գործողություններ կառույցը գործնականորեն կիրառել է ավելի վաղ՝ դեռ 1982-ի նոյեմբերին կազմավորման ընթացքում, երբ Լիբանանի Տյուրոս քաղաքում մահապարտը պայթեցրել էր իսրայելական բանակի օգտագործած 8 հարկանի շենքը, որի հետեւանքով զոհվել էր 74 իսրայելցի զինվորական։ Իսկ 1983-ի հոկտեմբերին Բեյրութում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի զինված ուժերի շտաբի վրա իրագործված մահապարտ հարձակման հետեւանքով զոհվել էր 298 զինվորական:
Մանիֆեստում կառույցի գործունեության վերջնական նպատակ նշվում է չորս հիմնական կետ, որոնց շարքում առաջին տեղ է զբաղեցնում Իսրայելի ոչնչացումը.
«[1]Իսրայելի վերջնական հեռանալը Լիբանանից որպես նախերգանք նրա վերջնական ոչնչացման եւ վեհապանծ Երուսաղեմի բռնազավթման ճիրաններից ազատագրումը:
[2] Ամերիկայի, Ֆրանսիայի եւ նրանց դաշնակիցների վերջնական հեռանալը Լիբանանից եւ ցանկացած իմպերիալիստական ուժի ազդեցության դադարեցում երկրում:
[3] Փաղանգականների [քաղաքացիական պատերազմի տարիներին Լիբանանի քրիստոնեական համայնքի կողմից ձեւավորված աշխարհազորային եւ կուսակցական կառույց] կողմից արդար իշանություններին ենթարկվելը եւ նրանց դատավարությունը այն հանցագործությունների համար, որոնք նրանք կատարել են ինչպես մուսուլմանների, այնպես էլ քրիստոնյաների դեմ Ամերիկայի եւ Իսրայելի խրախուսմամբ:
[4] Մեր ժողովրդին հնարավորություն ընձեռել որոշել սեփական ճակատագիրը եւ լիակատար ազատությամբ ընտրել իր կառավարման համակարգը՝ նկատի ունենալով, որ մենք չենք թաքցնում մեր հավատարմությունը իսլամի իշխանությանը, եւ որ մենք կոչ ենք անում ընտրել իսլամական համակարգը, որը միակն է, որ երաշխավորում է արդարություն եւ արժանապատվություն բոլորի համար, ինչպես նաեւ կանխում է մեր երկիր ներթափանցելու ցանկացած նոր իմպերիալիստական փորձ»:
Մանիֆեստում մի առանձին գլուխ նվիրված է Իսրայելի նկատմամբ «Հեզբոլլահի» դիրքորոշմանը եւ այն հարցի պարզաբանմանը, թե ինչու այն պետք է ոչնչացվի:
«Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա մենք նրան համարում ենք ամերիկյան տեգի գլուխը՝ մխրճված մեր իսլամական աշխարհում: Դա յուրացնող թշնամի է, որի դեմ պետք է պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ յուրացված իրավունքը չի վերադարձվել իր տերերին: Այս թշնամին մեծ վտանգ է ներկայացնում մեր ապագա սերունդների եւ մեր ժողովրդի համար, հատկապես որ նա ընդունում է [հրեաների] բնակեցմանն ուղղված եւ էքսպանսիոնիստական գաղափարը, որն արդեն սկսել է կիրառել օկուպացված Պաղեստինում: Այն ընդարձակվում ու ընդարձակվում է՝ Եփրատից մինչեւ Նեղոս՝ Մեծ Իսրայել ստեղծելու համար։ Իսրայելի յուրացման դեմ մեր պայքարը բխում է գաղափարական եւ պատմական գիտակցությունից, որ սիոնիստական այս կազմավորումը ագրեսիվ է իր ծագումով ու կառուցվածքով, որը կառուցված է յուրացված հողի վրա եւ մուսուլման ժողովրդի իրավունքների հաշվին: Հետեւաբար մեր առճակատումը այս էության հետ պետք է ավարտվի դրա ոչնչացմամբ»,- ասվում է «Հեզբոլլահի» մանֆեստում:
Ավելին՝ «Հեզբոլլահը» չի ընդունում Իսրայել պետության հետ անգամ զինադադարի մասին որեւէ համաձայնագիր ու միջնորդություն՝ դրանց համար միջնորդող երկրներին համարելով թշնամական կողմ, «քանի որ նրանց միջնորդությունը միայն կծառայի Պաղեստինի սիոնիստական բռնազավթման օրինականության ճանաչմանը»: Այս դրույթով «Հեզբոլլահը» փաստացի իրեն մշտական պատերազմի մեջ է հայտարարում հրեական պետության դեմ, չնայած որ 2006 թվականին համաձայնել էր ընդունել Լիբանանի տարածքում Իսրայելի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ՄԱԿ-ի թիվ 1701 բանաձեւը։
Այսպիսով՝ «Հեզբոլլահի» գաղափարախոսությունը կարելի է բավականին երկար ներկայացնել, առավել եւս հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն շարունակաբար հղկվել ու պարբերաբար ներկայացվել է կառույցը ներկայացնող շիա հոգեւորական գործիչների եւ ղեկավար շրջանակների ելույթների, ինչպես նաեւ տարատեսակ հայտարարությունների եւ գրքույկների հրապարակմամբ: Սակայն գաղափարական այն բազան, որը ներկայացրինք վերեւում, կառույցի գործունեության առանցքային ուղենիշն է:
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։