Գյումրեցի Խորեն եւ Լալա Տանաշյանների ընտանիքի կյանքը բարելավվել է 180 աստիճանով:
Խարխուլ մի տնակում 10-հոգանոց ընտանիքը ոչ թե ապրում, այլ գոյատեւում էր. չցրտահարվելն էլ «մեծ հաջողություն» էր:
Ընտանիքը հրաշքների հավատում էր, վկան տնակի անկյունում ամեն տարի զարդարվող համեստ տոնածառն է, որի լույսերը վառելիս երազում էին տանիք ունենալու մասին:
Բաղձալի օրը եկավ 2023-ի տարեմուտին. «Հայաստան» համահայկական հիմնադրամը տաք, լուսավոր, ընդարձակ, կահավորված բնակարան նվիրեց Տանաշյաններին եւ եւս 35 ընտանիքի:
Տան տեր դարձած բոլոր ընտանիքները «մի տնից չէին, մի օրի էին». երկրաշարժի հետեւանքով անտուն էին դարձել, երբեւէ բնակարանի գնման վկայական կամ բնակարան չէին ստացել, վերջին 25 տարում բնակվում էին տնակում: Այս ամենի հետ մեկտեղ բազմանդամ էին՝ համալրված անչափահասներով:
Հիմնադրամը 2022 թվականի վերջին «Մեր Գյումրի» ծրագրի առաջին փուլով Գյումրու «Մուշ-2» թաղամասում երկու բազմաբնակարան շենք էր կառուցել՝ 36 սոցիալական բնակարանով եւ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզով։
36 ընտանիքի երազանքն իրականացնելու համար հիմնադրամը 1 միլիարդ դրամից ավելի ներդրում էր արել: Գումարը հավաքվել էր Լոս Անջելեսի ARTN հեռուստաընկերության եւ ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի ջանքերով կազմակերպված հեռուստամարաթոնի, ինչպես նաեւ հիմնադրամի մշտական գործընկեր «Ակբա» բանկի ներդրման շնորհիվ: Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ էլ կառուցվել էր մանկապարտեզը:
Բնակիչներին նոր մասնագիտություն ստանալու եւ աշխատելու հնարավորություն տալու նպատակով էլ շենքերի ձեղնահարկերում հիմնվել են արվեստանոցներ: Արդեն ամբողջ աշխարհից արվեստագետներ են այցելում, ծրագրեր իրականացնում, վարպետության դասեր անցկացնում: Աղքատության ճիրաններից դուրս եկած մարդկանց բացի վաստակելուց արհեստ-արվեստով բնականոն կյանքի հուն բերելու հարցն է լուծվում:
Մինչեւ 36 ընտանիքները նոր կյանքի համն էին վայելում, «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանց ժամանակ կորցնելու ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը տվեց:
Այս տարվա ամռանը 36 երջանիկ ընտանիքներին գումարվեցին եւս 50-ը: Նախկին 2 շենքերի հարեւանությամբ եւս 2-ը շահագործման հանձնվեցին «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի տեղական մարմնի ֆինանսավորմամբ եւ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի աջակցությամբ: Բազմաբնակարանները «Կալիֆոռնիա» են կոչվել, քանի որ հիմնական ֆինանսավորումը նույնանուն նահանգից էր: Հիսուն ընտանիքի անհասանելի թվացող երազանքն իրականացնելու համար 2 միլիարդ դրամ ներդրվեց:
Յոթհարկանի շենքերը վերելակով են, վերջին հարկերում էլ գործում են արհեստանոց-արվեստանոցներ: Դրանցից մեկը լիովին հարմարեցված է հաշմանդամություն ունեցողների համար, որի հիմնական շահառուները 44-օրյա պատերազմում վնասվածքներ ստացած երիտասարդներն են:
Շենքերի տարածքները կանաչապատ են, կառուցվել է նոր եւ գերժամանակակից մարզահրապարակ, մանկականն էլ շուտով կլինի:
Համլետ Խաչատրյանը 1989 թվականից տունը կորցրել, տնակում էր ապրում: Որ կյանքի 36 տարիներն անցկացնելու է ընդամենը երկու տարվա համար նախատեսված տնակում, ամենավատ երազում անգամ չէր տեսնի: Հույսը կտրել, տնակից դուրս չգալու հետ հարմարվել էր: Համահայկական հիմնադրամին նամակ էր գրել, բայց որ պատասխան կստանա, այն էլ նոր տան տեսքով, դեռ դժվարությամբ է հավատում: Արդեն մեկ ամիս է, ինչ 44-օրյա պատերազմում վնասվածք ստացած որդու եւ թոռան հետ նոր տուն են տեղափոխվել, նոր կյանք սկսել: Ասում է՝ երախտապարտ եմ, բայց քանի որ բարերարներին չեմ տեսել անձամբ, Աստծուն եմ հայտնում շնորհակալությունս՝ հույսով, որ բարերարներին լավ աչքով կնայի:
Երկրորդ փուլով կառուցված շենքերի հանձնման ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներողություն էր խնդրել բոլոր տնակաբնակ գյումրեցիներից, որոնք չէին ընդգրկվել շահառուների ցանկում, բայց ակնարկել էր, որ գործընթացը կշարունակվի, եւ այլ անօթեւաններ եւս բնակարանատեր կդառնան:
Չորս ամիս է անցել այդ օրվանից. լավ լուրը չի ուշանում:
Գյումրու «Մուշ-2» թաղամասի սկզբնամասում համահայկականի չորս հոյակերտ բազմաբնակարանների թիկունքում գտնվող այս հողատարածքի վրա շուտով վեր կխոյանան յոթ եռահարկ առանձնատներ, յուրաքանչյուր հարկը մեկ ընտանիքի տուն կդառնա:
Հայկակ Արշամյանը «Ալիք Մեդիային» տեղեկացրեց, որ նոր նախագծով Արցախի մշակութային ժառանգության կենտրոն է հիմնվում՝ գորգագործության արհեստը փրկվում-վերականգնվում է. «Այստեղ կապրեն Արցախից տեղահանված գորգագործների ընտանիքներ, ե՛ւ տանիք կունենան, ե՛ւ իրենց մասնագիտությամբ աշխատանք»: Առանձնատների առաջին հարկերում արցախյան գորգերի արտադրամաս-ցուցասրահ կհիմնվի: Նախատեսվում է նաեւ գորգերի ցուցասրահ-սրճարան ունենալ, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան գնելու իրենց ամենահավանած գորգերը:
Արշամյանը հեռուն գնացող, հավակնոտ, բայց իրատեսական ծրագրից է խոսում. ինչպես միշտ, ընտանիքներին տանիք տալով չեն սահմանափակվելու, բացի տնից՝ ապրուստ է պետք:
Գյումրիում արտադրված արցախյան գորգերն արտահանելու են, գումարն էլ ո՛չ թե հիմնադրամին, այլ հենց գորգագործների ընտանիքների կարիքներին են ուղղելու, որ ծրագրի ավարտից հետո ապրուստի միջոց ունենան:
Քանի որ գյումրեցի կանայք էլ ոչ պակաս գորգագործական հարուստ ավանդույթների կրող են, արցախյան գորգագործության կենտրոնում նրանց ելքումուտքը եւս ոչ միայն ցանկալի, այլեւ անհրաժեշտ կլինի: Ըստ Արշամյանի՝ ստեփանակերտցի՝ միջազգային վերապատրաստում անցած 150 գորգագործ կանանց գտնելու են, հրավիրելու Գյումրի, որ իմացածը նոր թաղամասում սովորեցնեն կանանց, փորձի փոխանակում անեն, գորգագործությունը զարգացնեն: Նախաձեռնության շնորհիվ ոչ միայն շահառու ընտանիքները կշահեն, այլեւ կխթանվի Գյումրու նորակառույց՝ ծայրամասային «Մուշ-2» թաղամասի զարգացումը, որը հավակնում է նոր ծրագրի շնորհիվ զբոսաշրջային հետաքրքիր եւ պահանջված նոր հասցե դառնալ Գյումրիում:
Հիմնադրամի գործադիր տնօրենն ասում է՝ ծրագիրը նախագծման փուլում է, նախատեսվում է, որ 3-4 միլիոն դոլարի ներդրում է արվելու: Ֆինանսավորումը կրկին ԱՄՆ-ից է լինելու: Մեկ դրամահավաք արդեն եղել է, որին կհաջորդի եւս մեկը: Արշամյանը կարեւոր շեշտադրում է անում՝ «Մուշ 2»-ի երրորդ փուլը համահայկականի առաջիկա ծրագրերից հիմնականն է լինելու:
Բացի վերը նշվածից՝ հիմնադրամն առջեւում եւս երկու խոշոր ծրագրեր ունի իրականացնելու, ինչպես նաեւ ոռոգման ջրի, կրթամշակութային, առողջապահական մի շարք նախաձեռնություններ են կյանքի կոչելու:
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1988-ի երկրաշարժի հետեւանքով անտուն դարձած ընտանիքներին տարիներ շարունակ տանիք է նվիրել: Մինչեւ «Մուշ-2»-ի ծրագիրը Գյումրիում հիմնադրամը կառուցել է 50 շենք՝ 500 ընտանիքի համար: 2015 թվականից էլ հիմնադրամը ոչ թե կառուցել, այլ բնակարաններ է գնել ու նվիրել տնակներում ապրող եւս 45 ընտանիքի:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։