Իսրայելը հոկտեմբերի 10-ի երեկոյան հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին։ Գործողության թիրախը եղել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան ներկայացուցիչը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով լիբանանյան անվտանգության ծառայությունների աղբյուրին։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հարվածի հետեւանքով զոհվել է 22, վիրավորվել՝ շուրջ 92 մարդ:
Սաուդյան Al Hadath հեռուստաալիքն էլ, հղում կատարելով իր աղբյուրին, հայտնում է, որ հարվածի թիրախը եղել է սեպտեմբերի վերջին սպանված «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի փեսան եւ շարժման համակարգող ստորաբաժանման ղեկավար Վաֆիկ Սաֆան։
Reuters-ի փոխանցմամբ՝ հարվածի ենթարկված տարածքը նախկինում չի ռմբակոծվել Իսրայելի կողմից։ Ականատեսները գործակալությանը պատմել են, որ հարձակումը իրականացվել է խիտ բնակեցված թաղամասում։
Իսրայելական բանակը դեռ չի մեկնաբանել Բեյրութի հարվածների մասին լուրերը։