Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է իր երկրի «Հաղթանակի ծրագիրը» Ռուսաստանի դեմ պաշտպանական պատերազմում, գրում է Deutsche Welle-ն՝ լուսաբանելով Զելենսկու եվրոպական շրջագայությունը։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան աջակցության կարիք ունի նոր ձմեռային սեզոնին ընդառաջ եւ երկրի արեւելքում շարունակվող մարտերի ֆոնին: Նա ներկայացրել է ռազմաճակատի «բարդ իրավիճակն» ու որոշ զինատեսակների «մեծ պակասը»։
Տելեգրամյան ալիքում Զելենսկին նշել է, որ Մակրոնի հետ քննարկել է ռազմաճակատում տիրող իրավիճակը եւ այն գործոնները, որոնք կարող են ամրապնդել Կիեւի «դիրքերը եւ ավելի շատ պաշտպանել Եվրոպային»։ Այս համատեքստում քննարկվել են զենքի համատեղ արտադրության հեռանկարները։
Մակրոնի հետ բանակցություններից հետո Զելենսկին նաեւ հերքել է այն ենթադրությունները, թե ինքը եվրոպացի առաջնորդների հետ քննարկել է Ռուսաստանի դեմ պատերազմում հնարավոր զինադադարի պայմանները՝ դրանք անվանելով Մոսկվայի կողմից ապատեղեկատվության փորձ։
Զելենսկու ներկայիս այցը Ֆրանսիա հինգերորդն է 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո։
Փարիզը դարձավ Զելենսկու երկրորդ կանգառը Արեւմտյան Եվրոպա կատարած ուղեւորությունների ժամանակ, որտեղ նա փորձում է Ուկրաինային աջակցելու համար երաշխիքներ ապահովել ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։
Նախօրեին Ուկրաինայի նախագահը Լոնդոնում բանակցություններ էր վարել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
Զելենսկին Փարիզից կմեկնի Հռոմ՝ հանդիպելու Իտալիայի կառավարության ղեկավար Ջորջիա Մելոնիի հետ, իսկ հոկտեմբերի 11-ին կժամանի Բեռլին, որտեղ նրան կընդունեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։