Պարսից ծոցի երկրները ԱՄՆ-ին կոչ են անում կանխել Իսրայելի հնարավոր հարձակումները Իրանի նավթային օբյեկտների վրա՝ մտավախություն ունենալով, որ իրենց էներգետիկ օբյեկտները կենթարկվեն Թեհրանի դաշնակիցների հարձակմանը, եթե հակամարտությունը սրվի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի երկրների աղբյուրները։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ նույն պատճառով Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Կատարն արգելել են Իսրայելին օգտագործել իրենց օդային տարածքը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար եւ այդ մասին տեղեկացրել են Վաշինգտոնին։ Սա հաջորդում է Թեհրանի կողմից Ալ-Ռիադին ուղղված վերջին այն զգուշացումներին, որ չի կարող երաշխավորել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների անվտանգությունը, եթե աջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակվելու հարցում: Աղբյուրները բացատրում են, որ Պարսից ծոցի երկրները «շփվում են իրենց ամերիկացի գործընկերների հետ»՝ մտահոգություն հայտնելով Իսլամական Հանրապետության վրա հրեական պետության կողմից հնարավոր հարձակման մասշտաբների եւ հետեւանքների վերաբերյալ։ Մասնավորապես, հետագա էսկալացիան կանխելու համար Սաուդյան Արաբիան պաշտպանական գերատեսչության մակարդակով կապ է պահպանում ԱՄՆ-ի հետ։
«Եթե նավթի գները բարձրանան մինչեւ 120 դոլար մեկ բարելի դիմաց [Պարսից ծոցի միապետությունների նավթային օբյեկտների վրա Իրանի հարձակման դեպքում], դա կվնասի ամերիկյան տնտեսությանը եւ կնվազեցնի [նախագահի դեմոկրատ թեկնածու] Կամալա Հարիսի հաղթելու շանսերը, ուստի ամերիկացիները թույլ չեն տա, որ նավթային պատերազմն ընդլայնվի»,- մեջբերում է գործակալությունը աղբյուրներից մեկին։
Մյուս աղբյուրներն էլ գործակալությանը պատմել են, որ Պարսից ծոցի երկրները ե՛ւ ռազմական, ե՛ւ դիվանագիտական ջանքեր են գործադրում իրենց նավթային ենթակառուցվածքները պաշտպանելու համար եւ պնդում են, որ դրանք «ոչ մի վտանգ չեն ներկայացնում» Թեհրանի համար:
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը լայնածավալ հրթիռային հարձակում գործեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահի» եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության առանցքային դեմքերի սպանությունների: Թեհրանը հայտարարել է, որ հրթիռների 90%-ը հաջողությամբ խոցել են իրենց նախատեսված թիրախները։ Իսրայելական կողմը պնդում է, որ Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել, եւ դրանցից շատերը խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցների կողմից: Իսրայելի գլխավոր շտաբը խոստացել է պատասխանել հարձակմանը։ Իր հերթին Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելի դեմ իր երկրի պատասխան հարվածներն այս դեպքում ավելի լայնածավալ կլինեն: