Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած նոր տվյալների՝ ավելի քան 370 միլիոն աղջիկ եւ կին կամ 8-ից 1-ը ենթարկվել է սեռական բռնության կամ սեռական ոտնձգության մինչեւ 18 տարեկանը:
Երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ առաջին գլոբալ եւ տարածաշրջանային տվյալները, որ հրապարակվել են Աղջիկների միջազգային օրվան ընդառաջ, ցույց են տալիս ամբողջ աշխարհում այս հանցավոր արարքների ծավալները, ինչը հատկապես դեռահաս աղջիկների համար ունենում է հետեւանքներ ամբողջ կյանքի ընթացքում:
Սեռական բռնության «ոչ կոնտակտային» ձեւերը, ինչպիսիք են առցանց կամ բանավոր չարաշահումները, հաշվի առնելու դեպքում տուժած աղջիկների եւ կանանց թիվն աշխարհում ընդհանուր առմամբ կկազմի 650 միլիո կամ 1-ը 5-ից։
«Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը բիծ է մեր խղճի վրա։ Այն խոր եւ երկարատեւ վնասվածքների պատճառ է դառնում, հաճախ այն մարդու կողմից, ում երեխան ճանաչում եւ վստահում է, եւ այնտեղ, որտեղ նա պետք է իրեն ապահով զգա։ Անկայուն իրավիճակներում ապրող երեխաները հատկապես խոցելի են սեռական բռնության նկատմամբ: Մենք ականատես ենք լինում սեռական բռնության սարսափելի դեպքերի հակամարտության գոտիներում, որտեղ բռնաբարությունները եւ սեռով պայմանավորված բռնությունը հաճախ օգտագործվում են որպես պատերազմի զենք»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը:
Հրապարակված տվյալների համաձայն՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի մեծ մասը տեղի է ունենում դեռահասության տարիքում՝ զգալիորեն աճելով 14-17 տարեկանների շրջանում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեռական բռնության ենթարկված երեխաները ավելի հավանական է, որ կենթարկվեն կրկնակի բռնությունների:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ընդգծում է, որ բռնություն վերապրածները հաճախ կրում են սեռական բռնության տրավմայի հետեւանքները նաեւ չափահասության շրջանում՝ ենթարկվելով սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, թմրամիջոցների չարաշահման, սոցիալական մեկուսացման եւ հոգեկան առողջության խնդիրների, ինչպիսիք են տագնապն ու դեպրեսիան, ինչպես նաեւ առողջ հարաբերություններ ձեւավորելու դժվարությունների: Ապացուցված է, որ ազդեցությունն ավելի է խորանում, երբ երեխաները հետաձգում են իրենց հետ տեղի ունեցածի մասին խոսելը, երբեմն շատ երկար ժամանակով կամ էլ ընդհանրապես գաղտնի են պահում դրանք:
Չնայած ավելի շատ աղջիկներ եւ կանայք են տուժում այս երեւույթներից, եւ նրանց հետ կատարված դեպքերն ավելի լավ են փաստագրված, սակայն առկա տվյալները հուշում են, որ տղաներն ու տղամարդիկ նույնպես տուժում են երեւույթից: Շուրջ 240-310 միլիոն տղա եւ տղամարդ կամ 11-ից 1-ը մանկության տարիներին ենթարկվել է բռնաբարության կամ սեռական ոտնձգության: Այս թիվը հասնում է 410-ից 530 միլիոնի, եթե հաշվի առնվեն բռնության «ոչ կոնտակտային» ձեւերը:
Համապարփակ տվյալների բացակայությունը, հատկապես տղաներին վերաբերող դեպքերի եւ սեռական բռնության «ոչ կոնտակտային» ձեւերի վերաբերյալ, կարեւորում են տվյալների հավաքման մեջ ներդրումների ավելացման անհրաժեշտությունը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ տեղեկությունն ամբողջ ծավալով ընդգրկելու համար, նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։