Ռուսական բանակը նոր հարձակում է սկսել Կուրսկի մարզի մի քանի շրջաններում։ Մասնավորապես տեսագրություններից հստակ է դառնում, որ մարտերն ընթանում են Սուջայի շրջանի Զելյոնի Շլյախ եւ Կորենեւսկի շրջանի Օլգովկի բնակավայրերի տարածքում։ Սա նշանակում է, որ ռուսական զորքերը ճեղքել են ուկրաինական կողմի պաշտպանական գիծը եւ առաջ են շարժվել մոտ հինգ կիլոմետր։
Ռուսաստանի զինված ուժերի «Հյուսիս» խմբավորման ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքը գրում է, որ ռուսական զորքերին հաջողվել է ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը, «գրավել հինգ բնակավայր եւ շրջապատել թշնամու առնվազն երկու գումարտակ՝ կտրելով մատակարարման եւ տարհանման երկու կարեւոր ճանապարհ»։ Նույն ալիքը նաեւ պնդում է, որ ռուսական բանակի առաջխաղացումը ընդհանուր առմամբ 10 կիլոմետր է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Рыбарь» ալիքը հոկտեմբերի 10-ի երեկոյան հայտնել է, որ ռուսական զորքերը հարձակման են ենթարկվել Կորենեւսկի եւ Սուջայի շրջանների մի քանի հատվածներում:
«Մինչեւ օրվա վերջ ռուսական զորքերի առաջապահ խմբերը հասել են Զելյոնի Շլյախ, ինչը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը գոնե մասնակի ճեղքվել է»,- ասվում է գրառման մեջ։
«Рыбарь»-ը նաեւ հայտնել է, որ ռուսական զորքերը հակահարձակում են իրականացրել Կորենեւսկի շրջանում Օլգովկայից դեպի Զելյոնի Շլյախի ուղղությամբ՝ «ազատագրելով օկուպացված տարածքի զգալի մասը»։
Տելեգրամյան ալիքը նաեւ պնդում է, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Նովայա Սորոչինան եւ «առաջ են շարժվում» դեպի Մալայա Լոկնա։ Բլոգեր Բորիս Ռոժինն էլ գրում է Օլգովսկի բնակավայրը վերահսկողության տակ վերցնելու մասին։
Հարձակման մասին տեղեկությունները հաստատում է նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը մոտ գտնվող Deep State OSINT նախագիծը՝ նշելով, որ հակառակորդը «ճեղքել է Ուկրաինայի զինված ուժերի Կուրսկի խմբավորման ձախ թեւը» եւ առաջ է շարժվել դեպի Նովոիվանովկա՝ նույնիսկ ավելի հեռու, քան պնդում են ռուսական տելեգրամյան ալիքները։ Նաեւ նշվում է, որ այս շրջանում ռուսական գրոհը հետ մղելու համար մարտի մեջ պետք է մտնեին ոչ միայն առաջապահ ուկրաինական ստորաբաժանումները, այլ նաեւ հրետանավորներն ու ԱԹՍ օպերատորները, որոնք սովորաբար տեղակայված են առաջնագծի հետեւում։
«Агентство»-ի պնդմամբ՝ սեպտեմբերի 14-ին սկսված ռուսական զորքերի առաջին լայնածավալ հակահարձակումից հետո սա Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի կողմից գրավված տարածքների ամենանշանակալի կորուստն է։
DeepState-ը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ որոշ ուկրաինական ստորաբաժանումներ կարող են շրջապատված լինել՝ զգուշացնելով հնարավոր «սխալների կրկնության» մասին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին դեռ ուղղակիորեն չի մեկնաբանել Կուրսկի մարզում ռուսական զորքերի հարձակումը, սակայն հոկտեմբերի 10-ի երեկոյան հեռուստամարաթոնի շրջանակում ցուցադրված վավերագրական ֆիլմում հայտարարել է, որ Ռուսաստանը Կուրսկի ուղղությամբ է տեղափոխել մոտ 50 հազար զինվորականի, այդ թվում՝ Զապորոժիեի, Խերսոնի եւ Կրամատորսկի ուղղություններից։ «Դա մեզ համար հեշտացրեց պաշտպանական գործողություն իրականացնելը»,- ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։