Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։
Reuters-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Վատիկանի Առաքելական պալատում եւ տեւել է 35 րոպե։ Սա Զելենսկու եւ Ֆրանցիսկոս պապի երկրորդ հանդիպումն է վերջին մի քանի ամիսների ընթացքում, հիշեցնում է գործակալությունը։
Ըստ ANSA-ի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Զելենսկուն նվիրել է ծաղկող ծաղկի բրոնզե ձուլածո հարթաքանդակ՝ «Խաղաղությունը փխրուն ծաղիկ է» մակագրությամբ։
Ուկրաինայի նախագահն էլ Պապին նվիրել է «Ջարդ Բուչայում. Մարիչկայի պատմությունը» վերնագիրը կրող կտավը, որտեղ պատկերված է Կիեւի հարակից Բուչա քաղաքի ավերակների մեջ կանգնած աղջիկ։
Զելենսկին պոնտիֆիկոսի հետ հանդիպմանը նրան հրավիրել է մասնակցելու գերեվարված եւ արտաքսված ուկրաինացիների վերադարձի վերաբերյալ համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին Կանադայում։
«Ռուսաստանը շարունակում է բռնի ուժով վերաբնակեցնել ուկրաինացի երեխաներին մի օկուպացված տարածքից մյուսը։ Նաեւ շարունակում է մեր ուկրաինացի երեխաներին արտաքսել Ռուսաստան։ Եվ շատ դժվար է ընդհանրապես հետագայում փնտրել այս երեխաներին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Խոսելով գերեվարված լրագրողների մասին՝ Զելենսկին Հռոմի պապին խնդրել է նպաստել լրագրողների, հասարակական գործիչների եւ գերեվարված այլ անձանց վերադարձի գործընթացին՝ նշելով, որ Ուկրաինան մտադիր է Վատիկանին հանձնելու գերեվարված լրագրողների ցուցակը։
«Մենք գիտենք, որ Ռուսաստանում ավելի քան 400 կին կա գերության մեջ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ այլ աղբյուրների միջոցով ճշգրտորեն հաստատվել է, որ գերության մեջ 1700 խաղաղ բնակիչ կա։ Մեր տվյալներով՝ այս թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքերով՝ գրեթե բոլորը, ովքեր վերադառնում են գերությունից, բժշկական օգնության եւ երկարատեւ վերականգնման կարիք ունեն։