Գերմանիայի Բունդեսթագը ընդունել է «Վրաստանի եվրոպական ապագայի մասին» բանաձեւը, որում ասվում է, որ Վրաստանի կառավարության ներկայիս ավտորիտար եւ հակաեվրոպական կուրսը սպառնում է երկրի եվրաինտեգրմանը։
Բանաձեւում նշվում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը («Օտարերկրյա գործակալների օրենքը») չի կարող նպաստել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցությանը։ Բունդեսթագը պնդում է, որ քանի դեռ այս օրենքը գործում է, ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացում առաջընթաց չի լինի, գրում է JAMnews-ը։
Բունդեսթագի կարծիքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունը պահպանելը վեր է դասվում Վրաստանի եվրոպական ապագայից եւ ժողովրդավարական կայունությունից, իսկ «Վրացական երազանքի» ղեկավարությունը փորձում է «առավել ավտորիտար դրսեւորումներ ունենալ» եւ վախի մթնոլորտ սերմանել հասարակության մեջ։
Բունդեսթագը Գերմանիայի դաշնային կառավարությանը կոչ է անում «ուշադրությամբ հետեւել Վրաստանում տիրող իրավիճակին՝ բացահայտելու հնարավոր փաստերը, որոնք կարող են պատրվակ ծառայել նպատակային պատժամիջոցներ սահմանելու համար»։
Բանաձեւի նախագիծը մշակվել է «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության», «Միություն 90/Կանաչների» եւ «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» կողմից: Նախագծին դեմ են քվեարկել ընդդիմադիր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն», ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» եւ «Սառա Վագենկնեխտ» ծայրահեղ ձախ կուսակցությունները։
Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել՝ կոչ անելով Եվրոպական խորհրդի եւ Եվրամիության ժողովրդավարական գործընկերներին անհապաղ անձնական պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ «երկրում քաղաքական գործընթացների վատթարացման գործում ունեցած դերի համար»։