Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հոկտեմբերի 12-ին բանակի բարձր հրամանատարական կազմի հետ անցկացրած հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, զորամասերի ամենօրյա գործունեությունը, լսել զեկույցներ առկա իրադրության վերաբերյալ։
«Նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու, զգոնության բարձրացման, ինչպես նաև պայմանական սահմանին ռեւանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ»,- ասվում է հանդիպման մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջին շրջանում հաճախակի է սկսել հայտարարել Հայաստանում իբր «ռեւանշիստական ուժերի» առկայության մասին։
Սեպտեմբերի վերջին Միլլի Մեջլիսում ելույթի ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւը, ներկայացնելով ռազմական հզորության վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը, դրա հիմնական պատճառների շարքում նշել էր իբր Հայաստանում առկա «ռեւանշիստական» ուժերի ակտիվությունը։