1921 թվականի հոկտեմբերի 13-ին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը փաստաթղթով վավերացրեց Կարսի մարզի կորուստը, որ փաստացի տեղի էր ունեցել մոտ մեկ տարի առաջ՝ 1920 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ քեմալականները՝ Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, գրավեցին Հայաստանի Հանրապետության մաս կազմող քաղաքն ու համանուն շրջանը:
Մենք շատ ենք զուգահեռներ անցկացնում Կարսի եւ Շուշիի, ապա Արցախի ամբողջական կորստի հետ, քանի որ նմանությունները չափից դուրս շատ են, թեեւ կան նաեւ էական որոշ տարբերություններ:
2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով Հայաստանը կորցրեց վերահսկողությունը Արցախի այն հատվածի վրա, որը մնացել էր ռուսական խաղաղապահ վերահսկողության տակ 44-օրյա աղետալի պատերազմի հետեւանքով, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին կոտորածների սպառնալիքի տակ Ադրբեջանը Ռուսաստանի լուռ համաձայնությամբ պարտադրեց, որ Արցախի նախագահը ստորագրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու հրամանագիր: Մի քանի օրերի ընթացքում 120 հազար հայեր բռնի տեղահանվեցին:
Այսօր Արցախում հայ չի մնացել, մնացել են մի քանի անօգնական տարեցներ: Նույնը տեղի ունեցավ Կարսի մարզի եւ Սուրմալուի գավառի հետ:
1921 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրի 5-րդ կետով Երեւանի նահանգի Նախիջեւանի մարզը ինքնավար տարածքի կարգավիճակով դրվեց Ադրբեջանի «խնամակալության ներքո»: Թուրքիան Վրաստանին զիջեց Բաթում քաղաքն ու Սեւ ծովի աջարական հատվածը, սակայն դրա դիմաց ստացավ Սուրմալուի գավառը, Կարսի մարզն ու Արդահանի եւ Արդվինի շրջանները (վերջին երեքի նկատմամբ հավակնություններ ուներ նաև Վրաստանը):
1922 թվականի մարտի 20-ին Խորհրդային Հայաստանի Կենտգործկոմը հաստատեց 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Թուրքիայի հետ կնքված Կարսի պայմանագիրը, որի վավերացված փաստաթղթերը փոխանակվեցին Երեւանում 1922 թվականի սեպտեմբերի 11-ին:
Այսպիսով՝ գծվեց Թուրքիա-Հայաստան սահմանը, որն անփոփոխ է մինչեւ այսօր:
1920 թվականին թուրք-հայկական եւ հայ-ադրբեջանական պատերազմների հետեւանքով Հայաստանը կորցրեց վերահսկողությունը Կարսի մարզի եւ Սուրմալուի նահանգի, ինչպես նաեւ Արցախի եւ Նախիջեւանի նկատմամբ: Տարածքային կորուստը ավելի քան 30 հազար քառակուսի կիլոմետր էր:
Կարսի խորհրդաժողովի թերեւս միակ դրական արդյունքը, որ ունեցավ հայ ժողովրդի համար, հայ գերիների վերադարձի թույլտվությունն էր: 1920 թվականի թուրք-հայկական պատերազմից հետո, երբ մեկը մյուսի հետեւից ընկնում էին Կաղզվանը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլն ու բազմաթիվ այլ բնակավայրեր, հազարավոր հայեր գերի ու պատանդ ընկան եւ քշվեցին դեպի Արեւմտյան Հայաստանի խորքերը, որտեղ արդեն հաստատվել էին Մուսթաֆա Քեմալի ուժերը: Արդեն 1921 թվականի հոկտեմբերի սկզբին մոտ 400 հայեր ազատվեցին թուրքական գերությունից ու վերադարձան Ալեքսանդրապոլ:
2020-2023 թվականներին հայկական կողմը կորցրեց նախկին ԼՂԻՄ-ի 4,4 հազար քառակուսի կիլոմետրը, Արցախյան առաջին պատերազմի ընթացքում վերահսկողության տակ վերցրած գրեթե 8 հազար քառակուսի կիլոմետր, ինչպես նաեւ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։