Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվում է, որ Հայաստանն է իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անցումը եւ երաշխավորում նրանց անվտանգությունը։
Սրա մասին ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվականի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակ Այխան Հաջիզադեի այն մեղադրանքները, թե Հայաստանն անփույթ վերաբերմունք է դրսեւորում ստանձնած պարտավորությունների նկատմամբ։
«Սա շատ պարզ ձեւով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության եւ ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ»,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Բադալյանը նշել է, որ թեեւ եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ—ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչը, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում:
Բադալյանը նաեւ նշել է, որ սա վերաբերում է ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց փոխանակմանը։ Չնայած այս հանգամանքին՝ մինչեւ այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված:
«Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի»,- ասել է Բադալյանը։
ՀՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաեւ անհայտ կորած անձանց հարցը՝ հավելելով, որ Երեւանը նույնպես բարձրացնում է այս հարցը, «որովհետեւ երկու պատերազմների հետեւանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցելու»։