Եթե հետեւենք Արցախից բռնագաղթվածների սոցցանցային գրառումներին, իշխող մոտիվն այն է, որ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը «մենք ապրում էինք ազատ ու անկախ երկրում, հպարտ էինք, ուրախ եւ երջանիկ»:
Իրական Արցախում կյանքը տոնախմբություն չէր հատկապես 2014-ի օգոստոսից հետո, երբ Ադրբեջանը շփման գծում անցավ բացահայտ նախահարձակ գործողությունների: Այդ ամռանը գյուղի տան վերանորոգում էի սկսել: Հարեւանուհին (նրա որդին զոհվել է 1994-ի հունվարի 6-ին) ցնցող բան ասաց. «Եթե դու տուն ես նորոգում, մի բան գիտես, ուրեմն պատերազմ չի լինելու»: Տան գործը ձգվեց մինչեւ 2020-ի օգոստոս: Երբ վարպետին վերջին վճարումներն էի անում, հացի սեղանին նա անսպասելի զգաստացավ եւ ասաց, որ «կռիվ է լինելու»:
Փորձեցի տագնապները փարատել, չհամոզվեց: «Էն շան տղերքը շատ վատ են խոսում»,- ասաց: Դպրոցում ես նրան հայոց լեզու եւ գրականություն եմ դասավանդել: Հիմա չգիտեմ՝ Հայաստանո՞ւմ է, թե՞ անցել է Ռուսաստան, որտեղ եղբայր ունի: Նա հեռուստացույցով հետեւում էր Բաքվի հաղորդումներին եւ հասկացել էր, որ «պատերազմ է լինելու»:
Գյուղի պատշար վարպետը գիտեր, որ «էն շան տղերքը շատ վատ են խոսում». Ստեփանակերտի ռազմաքաղաքական ղեկավարությունն անգե՞տ էր: Պատերազմի, առնվազն լայնածավալ սադրանքի «ուրվականը» 2016-ի քառօրյա մարտերից հետո ոչ թե օդում, յուրաքանչյուր արցախաբնակի օրվա հացի սեղանին էր, նրա «խոհանոցային խոսակցության» առաջին թեման էր: Բռնատեղահանված մարդիկ ինչո՞ւ են շրջանցում իրականությունը:
Այդպես, երեւի, ավելի հե՞շտ է: Գուցե, բայց ցավոտ առերեսումից խուսափել նշանակում է վերագտնումի կամուրջներն այրել, հրաժարվել, որովհետեւ աոցցանցային հրապարակումների երկրորդ իշխող մոտիվն այն է, որ «եթե նախկին կյանքը չի լինելու, վերադարձն ի՞նչ իմաստ ունի»: Իսկ այդ «տոնախմբությունն» ո՞վ էր ստեղծել, ինչո՞ւ:
Դա իրականությունից միջին վիճակագրական մարդուն հեռու պահելու քաղաքականությո՞ւն էր, թե՞ Արցախի վերնախավի իմացած «պետական կյանքը» դա էր՝ մայիսի 9-ին եւ սեպտեմբերի 2-ին հրավառություններ անել, միջակայքում էլ «բերքի փառատոներ» կազմակերպել կամ Ստեփանակերտի օր նշել: Ով գոնե մեկ անգամ նման միջոցառումների մասնակցել է, կհիշի, թե ովքեր էին Արցախի իշխանությունների կողքին:
Նրանցից ոմանք այսօր քաղաքականության մեջ են եւ պրագմատիզմի, սառը հաշվարկով առաջնորդելու ջատագով են: Իսկ երբ Արցախի նախագահականի դիմաց, Վերածննդի հրապարակում կամ «Արմենիա» հյուրանոցի եւ «Ֆլորենս» ռեստորանի տաղավարներում խռնված՝ սպասում էին «բանկետի ժամին», մտքներով չէ՞ր անցնում, որ ամեն ինչ «խնջույք՝ ժանտախտի ժամանակ» ասվածի նման է:
Կյանքն Արցախում տոնախմբություն է թվում բռնատեղահանված մարդու հայացքով. երբ իր տանն էր, որոշակի եկամուտ ուներ, առաջին անհրաժեշտության կարիքները հոգում էր կամ գյուղում անհատական տնտեսության տեր էր: Իրականում Արցախը նախապատերազմական չորս տարիներն անցկացրել է աղետի տանջալիորեն երկարաձգված սպասումով, ինչպես գյուղի իմ պատշար վարպետը, որ մի մեծ մտահոգություն ուներ՝ որդին չտեսնի այն, ինչ ինքն է ապրել առաջին պատերազմում:
Կյանքն Արցախում տոնախմբություն չէր: Ոչ մի երկիր տոնախմբությամբ չի ապրում: Արցախում տոնախմբություն էին հնարել, որի արձագանքները դեռեւս հազարավոր մարդու հետ են, հատկապես՝ երիտասարդների: Ո՞վ նրանց կվերադարձնի իրականությանը:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։