Ադրբեջանին ուղղված Հայաստանի առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ մինչ այժմ համաձայնեցված է», լիովին հեռու է իրականությունից։
Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ժուլիեն դե Ֆրայպոնի հավատարմագրերի ընդունման ժամանակ։
Ալիեւը պնդել է, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարազոր են եւ չեն կարող անջատվել միմյանցից եւ այս առնչությամբ իրականությունից լիովին հեռու է համարում ՀՀ Կառավարության առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ համաձայնեցվել է, եւ չհամաձայնեցված դրույթները թողնել հետագա փուլերի համար»։
Ադրբեջանի նախագահը նաեւ խոսել է Բաքվի եւ Բրյուսելի հարաբերություններում անվստահություն առաջացնող հարցերի մասին՝ նշելով, որ դրանցից մեկը Հայաստանի տարածքում Եվրոպական դիտորդական առաքելության երկարաձգումն է, որը տեղի է ունեցել առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնության կամ խորհրդակցության։
«Դրա ի՞նչ կարիքը կար։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանը պայմանավորվել է, որ այդ առաքելությունն այնտեղ կմնա երկու ամիս եւ բաղկացած կլինի սահմանափակ թվով պաշտոնաթող սպաներից։ Սակայն երբ այս առաքելությունը երկարաձգվեց, ոչ ոք մեզ հետ չխորհրդակցեց»,- ասել է Ալիեւը եւ հավելել, որ «հեռադիտակային դիվանագիտությունը» անընդունելի է եւ դուրս է քաղաքական մշակույթի նորմալ չափանիշերից։
Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ Բաքուն բարձրաձայնում է այդ հարցը ԵՄ հետ շփումների ընթացքում։
Միեւնույն ժամանակ Ալիեւը դրական է գնահատել Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ Բրյուսելում կազմակերպված հայ—ադրբեջանական բանակցությունները՝ նշելով, որ բանակցային այս ձեւաչափից հրաժարվել է Հայաստանը։