Ղազախստանը պատրաստ է Ալմա Աթայում կրկին հարթակ առաջարկելու Բաքվին եւ Երեւանին խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։ Դրա մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Աստանայում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ բանակցությունների ընթացքում։
Ղազախական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ, գյուղատնտեսական, ֆինանսական, մշակութային եւ հումանիտար, ինչպես նաեւ թվայնացման ոլորտում համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի ընթացիկ հարցերին։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում եւս տրամադրելու Ալմա Աթայի հարթակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ղազախստանի նախագահը նաեւ նշել է, որ այս տարի լրանում է Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ Բարեկամության եւ համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակը, եւ երկկողմ հարաբերությունների համար ձեւավորվել է ամուր ինստիտուցիոնալ հիմք։
«Առեւտրատնտեսական փոխգործակցությանը զուգընթաց ակտիվորեն զարգանում են մեր ժողովուրդների միջեւ մշակութային եւ հումանիտար կապերը։ Անցյալ տարի Երեւանում կայացան Հայաստանում ղազախական թատրոնի օրերը։ Հաջորդ տարի նախատեսվում է ձեր երկրում կազմակերպել Ղազախստանի մշակույթի տասնօրյակ։ Այսօր մենք հանդիսավոր կերպով կբացենք Ղազախստանում Հայկական մշակույթի օրերը»,- ասել է Տոկաեւը։
Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին ջերմ ընդունելության համար եւ հայտարարել Ղազախստանի հետ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմաննը նպաստելու իր հանձնառության մասին։
«Ուրախ եմ այստեղ լինելու համար: Ես տպավորված եմ այն առաջընթացով, զարգացմամբ, որը տեղի է ունենում Ղազախստանում։ Վստահ եմ, որ մեր բարեկամությունը, մեր հարաբերությունները երկարատեւ են լինելու, քանի որ դրանք պատմական արմատներ ունեն։ Ղազախստանը մեզ համար հուսալի եւ բարեկամական գործընկեր է։ Եվ, իհարկե, ուզում եմ ընդգծել մեր հաջող զարգացող տնտեսական հարաբերությունները»,- ասել է Խաչատուրյանը։