Միացյալ Թագավորությունը որոշել է կասեցնել Վրաստանի հետ նախարարների մակարդակով 2014-ից գործած Ուորդրոպի երկխոսությունը, չեղարկել բարձր մակարդակի բանակցությունները պաշտպանության նախարարությունների շտաբների միջեւ եւ կասեցնել կիբերանվտանգությանն ուղղված նոր ծրագիրը։ Այս մասին Interpressnews գործակալությանը հայտնել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։
Դեսպանը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո, «անկախ նրանից, թե ով կլինի կառավարությունում», Վրաստանը կվերադառնա արեւմտամետ կուրսին, եւ կողմերի միջեւ վստահությունը կվերականգնվի։
«Ես ակնկալում էի, որ մենք միասին կաշխատենք՝ ամրապնդելու Վրաստանի դիմադրողականությունը եւ մեր ընդհանուր բարգավաճումը, սակայն անցած տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունն այլ ուղի ընտրեց, եւ Թբիլիսիում իմ առաջին ամիսներին ես ստիպված էի պարզաբանել մեր մտահոգությունները դեմոկրատական հետընթացի եւ հակաարեւմտյան հռետորաբանություն վերաբերյալ։ Հուսով եմ, որ Վրաստանի կառավարությունը կփոխի իր մոտեցումները, ինչը նաեւ ինձ հնարավորություն կտա վերականգնելու իմ լավատեսությունը»,- ասել է դեսպանը։
Դիվանագետի խոսքերով՝ Մեծ Բրիտանիայի եւ Վրաստանի, ինչպես նաեւ արեւմտյան այլ գործընկերների հետ հարաբերությունները «խաթարվել են այս տարվա վրացական կառավարության գործողությունների պատճառով»:
«Մենք մտահոգվեցինք, երբ խորհրդարանն ընդունեց քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակող օրենք՝ չնայած հանրային լայն հակազդեցությանը եւ օրենքը կրկին օրակարգ չվերադարձնելու պարտավորությանը: Մենք հիասթափված էինք, երբ «Վրացական երազանքի» առաջնորդները սկսեցին դավադրության տեսություններ քարոզել եւ ենթադրել, որ արեւմտյան գործընկերները խարխլում են Վրաստանը: Մենք ցնցվեցինք, երբ «Վրացական երազանք»-ը որպես իր նախընտրական ծրագրի խոստում ներկայացրեց ընդդիմադիր կուսակցությունների արգելքը»,- ասել է դեսպան Ուորդը։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարում է Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների կարեւորության մասին՝ հակառակորդներին մեղադրելով երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձերի համար։
Ընդդիմությունն իր հերթին իշխանություններին մեղադրում է ռուսամետ լինելու համար։ Սրան զուգահեռ ԵՄ երկրները եւ ԱՄՆ-ն մեծ աղմուկ հանած «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից եւ Թբիլիսիի մի շարք այլ որոշումներից հետո սուր քննադատության են ենթարկել վրացական իշխանություններին։ Եվրամիությունը կասեցրել է Վրաստանի ինտեգրման գործընթացը, իսկ Միացյալ Նահանգները՝ պատժամիջոցներ սահմանել երկրում «ժողովրդավարությունը խաթարելու համար պատասխանատուների» դեմ։