Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են։ Դրա մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում:
«Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնելու, որ այսօր մենք լիովին համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ։ Կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին: Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է: Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորելու քաղաքական կամք, օգտվելու պահից եւ միանալու մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար: Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու թեկուզ այսօր»,- ասել է Սիմոնյանը:
Համաձայնեցված 16 կետերի հիման վրա խաղաղության պայմանագիրը ստորագրելու, իսկ չհամաձայնեցված հոդվածների շուրջ քննարկումները հետագային թողնելու մասին սեպտեմբերին ՀՀ ԱԺ-ից հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արդեն այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերստին հայտարարեց, որ իրատեսական չի համարում Երեւանի այսպիսի առաջարկը, քանի որ պայմանագրի բոլոր կետերը հավասարազոր են եւ փոխլրացնում են մեկը մյուսին։