ԱՄՆ-ը իսրայելական իշխանություններին նախազգուշացրել է ռազմական աջակցությունը կրճատելու մասին, եթե վերջիններս քայլեր չձեռնարկեն Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի բարելավման եւ 30 օրվա ընթացքում մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու հարցում:
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, ճեպազրույցի ընթացքում բացելով որոշ փակագծեր, նշել է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին եւ ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերին ուղարկված նամակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Լլոյդ Օսթինը կոչ են արել հստակ քայլեր ձեռնարկել դեպի Գազա հումանիտար օգնության հոսքերը նախկին մակարդակներին հասցնելու համար:
«Գազա մատակարարված օգնության ծավալները սեպտեմբերին եղել են ամենացածրը՝ անցած ամբողջ տարվա ընթացքում։ […] Հումանիտար իրադրությունը շտկելու համար Իսրայելն այսօրվանից սկսած 30 օրվա ընթացքում պետք է հստակ քայլեր ձեռնարկի»,- ասված է նամակում, որի բովանդակությունը մեջբերում է Axios պորտալը։
Նամակում, որը Պետդեպարտամենտը որակել է որպես գաղտնի, նաեւ ներկայացված են ԱՄՆ այն օրենքները, որոնք արգելում են ռազմական օգնության տրամադրումը այն երկրներին, որոնք խոչընդոտում են ամերիկյան օգնության մատակարարումը:
Իսրայելցի պաշտոնյաներին ուղղված նամակի տեքստում Բլինքենն ու Օսթինը Իսրայելին մասնավորապես կոչ են անում թույլատրել օրական ոչ պակաս, քան 350 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարի մուտքը Գազա եւ պաղեստինցիների տարհանման մասին հրահանգներ չարձակել, երբ դրա օպերատիվ կարիքը չկա։
Axios-ին իսրայելցի պաշտոնյան անանունության պայմանով ասել է, որ «նամակը ստացել են, եւ այն ուշադիր ուսումնասիրվում է Իսրայելի անվտանգության պաշտոնյաների կողմից»:
«Իսրայելը լրջորեն է վերաբերվում այս հարցին եւ մտադիր է այս նամակում արտահայտված մտահոգությունները քննարկելու մեր ամերիկացի գործընկերների հետ»,- ասել է պաշտոնյան։
Իսրայելի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ չեն խոչընդոտում Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը։
Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ 30 բեռնատարներ Էրեզ անցակետով մտել են Գազայի հյուսիսային հատված։
Մինչ այս ՄԱԿ-ը հայտնել էր, որ երկու շաբաթ է, ինչ Գազայի հյուսիսում պարենային օգնություն չի հասել։ Կազմակերպությունը նաեւ զգուշացրել է, որ կենսական անհրաժեշտության սննդի պաշարները սպառվում են: