Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 15-ին կայացած Նախարարների խորհրդի փակ նիստում հայտարարել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հիշի, որ Իսրայել պետությունը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ, գրում է Le Parisien-ը՝ հիշեցնելով 1947 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած թիվ 181 բանաձեւը, որով Մեծ Բրիտանիայի հովանավորության տակ (մանդատի) գտնվող Պաղեստինի տարածքը բաժանվել էր արաբական եւ հրեական պետությունների միջեւ։
«Պարոն Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ, հետեւաբար այն չպետք է ՄԱԿ-ի որոշումներից իրեն ազատ համարի»,- Մակրոնի խոսքերը մեջբերում է Le Parisien-ը։
Պարբերականը նշում է, որ նախագահն այս հայտարարությունը հնչեցրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շիայական շարժման դեմ Իսրայելի գործողությունների եւ Լիբանանում տեղակայված խաղաղապահների հենակետերի վրա հարձակումների պատճառով Իսրայելի դեսպանին Ֆրանսիայի ԱԳՆ կանչելու համատեքստում։
Ֆրանսիայի նախագահի կողմից նման հայտարարություն հնչեցնելու մասին գրում է նաեւ AFP գործակալությունը։
Չի ուշացել նաեւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի պատասխանը։ The Times of Israel-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն պատասխան հայտարարության մեջ ընդգծել է, որ Իսրայել պետությունը ստեղծվել է 1948-1949 թվականների Առաջին արաբ-իսրայելական պատերազմում հրեաների տարած հաղթանակի շնորհիվ, որը Իսրայելում անվանում են «Անկախության պատերազմ»։
«Հիշեցնում եմ Ֆրանսիայի նախագահին. Իսրայել պետությունը ստեղծվել է ոչ թե ՄԱԿ-ի բանաձեւով, այլ հաղթանակով, որը ձեռք է բերվել Անկախության պատերազմում հերոս զինվորների արյան միջոցով, որոնցից շատերը փրկվել են Հոլոքոստից կամ փախել ֆրանսիական Վիշիի կոլաբորացիոն ռեժիմից»,- ասվում է հայտարարության տեքստում։
Le Monde-ն էլ նշում է, որ Մակրոնի եւ Նեթանյահուի միջեւ լարվածությունը սկսել է աճել, երբ նախորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Գազայում եւ Լիբանանում իսրայելական բանակի օգտագործած զինատեսակների արտահանման դադարեցումը հակամարտություններին վերջ տալու միակ միջոցն է:
Հոկտեմբերի 16-ին կայացել էր Ֆրանսիայի եւ Իսրայելի ղեկավարների հեռախոսազրույցը, որի ընթացքում Նեթանյահուն հայտարարել էր, որ դեմ է «միակողմանի զինադադարին, որը չի փոխելու Լիբանանի անվտանգությանն առնչվող իրավիճակը»: