Ղազախստանը տեսանելի ապագայում ձեռնպահ կմնա BRICS-ին դիմում ներկայացնելուց, այդ թվում՝ միանալու հարցի քննարկման երկարատեւության, ինչպես նաեւ «այս ասոցիացիայի զարգացման հեռանկարների հետ կապված» այլ հարցերի պատճառով։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, գրում է TengriNews-ը։
Նրա խոսքերով՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը BRICS-ին միանալու առաջարկներ է ստացել, սակայն ներկայում, հաշվի առնելով ազգային շահերը, նախագահը առաջնահերթությունը տալիս է ՄԱԿ-ին՝ «որպես համընդհանուր եւ ոչ այլընտրանքային կազմակերպության, որտեղ կարող են եւ պետք է քննարկվեն բոլոր ընթացիկ միջազգային խնդիրները»։
Ուալին նաեւ հաստատել է, որ հաջորդ շաբաթ Ղազախստանի նախագահը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, որտեղ նախատեսում է ելույթ ունենալ ընդլայնված կազմով հանդիպմանը:
Հիշեցնենք, որ BRICS միջպետական տնտեսական ասոցիացիան ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հարավային Աֆրիկայի կողմից: 2024 թվականին կառույցին միացան Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եթովպիան եւ Եգիպտոսը։
Վերջին ամիսներին BRICS-ին միանալու համար պաշտոնական հայտ ներկայացրել են Ադրբեջանը, Թուրքիան եւ Մալայզիան։
Սպասվում է, որ հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք գագաթնաժողովին BRICS-ը կընդլայնվի։