Reuters գործակալության եւ Ipsos կազմակերպության հոկտեմբերի 14-ին հրապարակած համատեղ հարցումների արդյունքները ցույց են տվել, որ ԱՄՆ գործող փոխնախագահ եւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը շարունակում է 3 տոկոսային կետով առաջատար դիրքերում մնալ նախկին նախագահ եւ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ։
Ընդհանուր առմամբ Հարիսի օգտին պատրաստ են քվեարկելու հարցվածների 45%-ը, իսկ Թրամփի օգտին՝ 42%-ը։
Reuters-ը նշում է, որ գործող փոխնախագահի դիրքերը առավել ամուր են հատկապես քաղաքական արմատականության եւ ժողովրդավարության սպառնալիքների դեմ պայքարի գնահատականներում։ Հարցված քաղաքացիների 43%-ը կարծում է, որ նման հարցերը լավագույնս կարող է լուծել Հարիսը, մինչդեռ Թրամփին նման խնդիրները հաղթահարելու հարցում առավել ունակ համարել է 38%-ը։
Առողջապահության քաղաքականության մասով էլ դեմոկրատ թեկնածուն 14 տոկոսային կետով է առաջ անցել հանրապետական մրցակցից։
Սակայն Թրամփը Հարիսի նկատմամբ առաջատար դիրքերում է հայտնվել, երբ հարցվածներին առաջարկվել է ընտրել տնտեսությանը, գործազրկությանը եւ աշխատատեղերին առնչվող խնդիրները լուծելու ունակ լավագույն թեկնածուին։ 45%-ը այս հարցում դրական է գնահատել Թրամփին, իսկ 40%-ը՝ Հարիսին։
Reuters-ը գրում է, որ չնայած սպասվող նախագահական ընտրություններին մասնակցություն ունենալու մեծ ցանկությանը՝ այնուամենայնիվ, հարցված քաղաքացիների մեծամասնությունը նշել է, որ համակրանք չունի թեկնածուներից որեւէ մեկի նկատմամբ։ Նրանցից միայն 46%-ն է նշել, որ դրական կարծիք ունի Հարիսի, իսկ 42%-ը՝ Թրամփի հանդեպ։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Ենթադրվում էր, որ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի գործող նախագահ Ջո Բայդենը, սակայն հունիսի 27-ին հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճից հետո, որը համարվեց տապալված, դեմոկրատների շրջանում նրա պայքարից հրաժարվելու կոչերը սկսել էին էլ ավելի հաճախակիանալ։ Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու եւ ԱՄՆ փոխնախագահ Հարիսի թեկնածությանը սատարելու մասին։