Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 16-ին Գերագույն ռադայում ներկայացրել է ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող «Հաղթանակի ծրագիրը»։ Ծրագիրը բաղկացած է հինգ կետից եւ երեք գաղտնի հավելվածներից։ Առաջարկվող ռազմավարությունը, նախագահի խոսքերով, կոչված է Ուկրաինան եւ նրա դիրքերը ամրապնդելուն։
Զելենսկին կարծում է, որ այդ ծրագիրը կարող է իրականացվել երկրի գործընկերների հետ եւ որեւէ կերպ «կախված չէ Ռուսաստանից»։ Նրա խոսքով` եթե ռազմավարության կետերը կյանքի կոչվեն հիմա, ապա պատերազմը կարող է ավարտվել 2025 թվականից ոչ ուշ։
Ծրագրի առաջին կետը վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցության հրավերին, որը պետք է կատարվի «հիմա»։
«Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը շահագործել է Եվրոպայում աշխարհաքաղաքական անորոշությունը, մասնավորապես այն, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ: Հենց դա էլ գայթակղել է Ռուսաստանին ոտնձգություն անել մեր անվտանգության դեմ։ Այժմ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու փաստը կարող է իսկապես հիմնարար դառնալ խաղաղության համար։ Մենք հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ապագայի խնդիր է, ոչ թե ներկայի: Բայց Պուտինը պետք է տեսնի, որ իր աշխարհաքաղաքական հաշվարկները տապալված են։ Ռուսները պետք է զգան, որ իրենց ցարը պարտվել է աշխարհաքաղաքական առումով»,- հայտարարել է Զելենսկին։
Ըստ նրա` Հյուսիսատլանտյան դաշինքի հրավերը վճռականություն է պահանջում։
«Այսօր հրավերը շատ ավելին է խորհրդանշում, քան պարզապես ՆԱՏՕ-ն։ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի հարցում վճռականությունը նշանակում է նաեւ Ուկրաինայի համար եվրաինտեգրման անխուսափելիություն եւ Ուկրաինայում ժողովրդավարության այլընտրանքի բացակայություն։ Ահա թե ինչու հենց սա է հաղթական ծրագրի մեկնարկային կետը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Երկրորդ կետը վերաբերում է պաշտպանությանը, որը մասնավորապես ենթադրում է Ռուսաստանի տարածքում գործողությունների շարունակություն եւ երկրի խորքում տեղակայված թիրախներին հարվածների սահմանափակումների վերացում, գործընկերների հետ համատեղ ռուսական ավիացիայի ոչնչացում, անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների օգտագործման ընդլայնում եւ դաշնակցային հետախուզության հասանելիություն:
«Սա Ուկրաինայի պաշտպանության անդառնալի ուժեղացում է ագրեսորի դեմ։ Իրատեսական է պաշտպանել մեր դիրքերը Ուկրաինայի մարտադաշտում եւ միեւնույն ժամանակ պատերազմը վերադարձնել ռուսական տարածք, որպեսզի ռուսներն իսկապես զգան, թե ինչ է պատերազմը եւ, չնայած ռուսական քարոզչությանը, սկսեն իրենց ատելությունը շրջել Կրեմլի նկատմամբ»,- հայտարարել է Զելենսկին։ Նա նշել է, որ կա նաեւ ուկրաինացի զինվորականներին անհրաժեշտ «զինատեսակների հստակ ցուցակ»։
Ուկրաինայի նախագահը, անդրադառնալով ՌԴ տարածքում իրականացվող գործողություններին, նշել է․ «Կուրսկի օպերացիայի շնորհիվ մենք տեսանք, որ Պուտինը բավականաչափ ուժ չունի դիմակայելու համար, երբ Ուկրաինան իսկապես ուժեղ ճնշում է գործադրում»:
Ծրագրի տվյալ՝ պաշտպանության բաժինը պարունակում է գաղտնի հավելված, որի մուտքը հասանելի է միայն Կիեւի գործընկերներին։
Երրորդ կետը վերաբերում է զսպիչ գործոններին, որով «Ուկրաինան առաջարկում է իր տարածքում տեղադրել համապարփակ ոչ միջուկային ռազմավարական զսպման փաթեթ, որը բավարար կլինի Ռուսաստանի ցանկացած ռազմական սպառնալիքից Ուկրաինային պաշտպանելու համար եւ կնվազեցնի ռուսական գործողությունների փոփոխականությունը հետեւյալ հեռանկարներով. կա՛մ միանալ արդար դիվանագիտական գործընթացին՝ պատերազմն արդար ավարտին հասցնելու համար, կա՛մ որոշակի ռազմական թիրախների նկատմամբ, համաձայն Ուկրաինային տրամադրված զսպման փաթեթի կիրառման արդյունքի, երաշխավորված դարձնել ագրեսիվ պատերազմը շարունակելու ունակության կորուստը»։
Ըստ Զելենսկու` այս կետը եւս պարունակում է գաղտնի հատվածներ, որոնք արդեն ստացել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Գերմանիայի ղեկավարները։
Չորրորդ կետը վերաբերում է Ուկրաինայի տնտեսական ներուժի զարգացմանը եւ պատժամիջոցների ուժեղացմանը։ Կրկին ունի գաղտնի հավելված, որը փոխանցվել է ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին:
«Ուկրաինայում կենտրոնացված են բնական ռեսուրսներ եւ, հիմնականում, կարեւոր մետաղներ, որոնց արժեքը հասնում է տրիլիոնավոր ԱՄՆ դոլարի: Դրանք, մասնավորապես, ուրան, տիտան, լիթիում, գրաֆիտ եւ այլ ռազմավարական արժեքավոր ռեսուրսներ են, որոնք գլոբալ մրցակցության մեջ կամրապնդեն կամ Ռուսաստանին եւ նրա դաշնակիցներին, կամ Ուկրաինային եւ ժողովրդավարական աշխարհին։ Ուկրաինայի կարեւոր ռեսուրսների հանքավայրերը, գլոբալ առումով Ուկրաինայի կարեւոր էներգետիկ եւ պարենային ներուժի հետ, պատերազմում Ռուսաստանի հիմնական ագրեսիվ նվաճողական նպատակներից են»,- նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ԱՄՆ-ին եւ որոշ գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիությանը, հրավիրում է «հատուկ համաձայնագիր կնքել Ուկրաինայում առկա կարեւորագույն ռեսուրսների համատեղ պաշտպանության, համատեղ ներդրումների եւ համապատասխան տնտեսական ներուժի օգտագործման վերաբերյալ»։
Վերջապես, հինգերորդ կետը վերաբերում է հետպատերազմյան ժամանակաշրջանին։
«Այս պատերազմից հետո Ուկրաինան կունենա ամենափորձառու եւ ամենամեծ ռազմական հավաքակազմերից մեկը։ Այս մարդիկ մեր զինվորներն են, որոնք կունենան ժամանակակից պատերազմի իրական փորձ, արեւմտյան զենքի կիրառման հաջող փորձ եւ ՆԱՏՕ-ի զինվորականների հետ փոխգործակցության բազմազան փորձ: Ուկրաինական այս փորձը պետք է օգտագործվի դաշինքի պաշտպանությունն ուժեղացնելու եւ Եվրոպայում անվտանգությունն ապահովելու համար։ Սա արժանի առաքելություն է մեր հերոսների համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը եւ առաջարկել պատերազմից հետո ուկրաինական ստորաբաժանումները փոխարինել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ առանձին ռազմական հավաքակազմով։
Զելենսկին նաեւ հավելել է, որ հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդի նիստում կներկայացնի «Հաղթական ծրագիրը»։
Ուկրաինայի նախագահի տելեգրամյան ալիքում ներկայացված ծրագրիը բնութագրվում է որպես կյանքի երաշխիք։
«Ռուսաստանը պետք է ընդմիշտ կորցնի վերահսկողությունը Ուկրաինայի նկատմամբ եւ նույնիսկ կորցնի նման վերահսկողության ցանկությունը։ Սա Ուկրաինայի համար կյանքի երաշխիք է, միեւնույն ժամանակ Եվրոպայի համար խաղաղության երաշխիք։ Եվ որպեսզի մենք հասնենք դրան, ես ձեզ խնդրում եմ աշխատել Ուկրաինայում եւ Ուկրաինայում միասնության համար՝ գործընկերների հետ միասին: Համոզել գործընկերներին։ Լինել մարդիկ, որոնք անխոնջ աշխատում են»,- ասվում է Զելենսկու տելեգրամյան էջում հրապարակված գրառման մեջ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Զելենսկու «Հաղթական ծրագիրը», Ուկրաինայի ռազմավարությունն անվանել է «խաղաղության վաղանցիկ ծրագիր»։
«Ամենայն հավանականությամբ, սա նույն ամերիկյան ծրագիրն է՝ կռվել մեզ հետ մինչեւ վերջին ուկրաինացին, որը Զելենսկին քողարկել է եւ անվանել «խաղաղության ծրագիր»։ Այնտեղ այլ ծրագիր չկա։ Բայց կարող է լինել մեկ այլ ծրագիր, որը կարող է իսկապես խաղաղ լինել. սա Կիեւի ռեժիմի գիտակցումն է իր վարած քաղաքականության անիմաստության մասին»,- ասել է Պեկսովը։