Ամերիկացի միլիարդատեր, Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը երեք ամսվա ընթացքում 75 միլիոն դոլար է նվիրաբերել America PAC քաղաքական կազմակերպությանը, որն աջակցում է պետության նախկին ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում։ DW-ի փոխանցմամբ՝ դա հետեւում է ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի (FEC) հոկտեմբերի 16-ին հրապարակած փաստաթղթից։
America PAC-ը փոխանցված գումարների զգալի մասը՝ 72 մլն դոլարը, ծախսել է հուլիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Հատկանշական է, որ այս երեք ամիսների ընթացքում Մասկը եղել է քաղաքական կազմակերպության միակ դոնորը։
Bloomberg-ը պարզաբանում է, որ գործարարը հիմնադրամի միակ դոնորն է դարձել հուլիսի 3-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում։
The Washington Post-ը կազմակերպությունն անվանում է «քաղաքական գործողությունների կոմիտե, որը ձեւավորվել է միլիարդատեր Իլոն Մասկի կողմից՝ Դոնալդ Թրամփի օգտին քարոզչության կազմակերպման համար»:
«America PAC-ը հավանաբար վերածվել է գլխավոր դերակատարի՝ երկրորդ ժամկետի համար Թրամփի պայքարում, հանրապետական թեկնածուի համար հավանաբար իրականացնելով ընտրողների ներգրավման ամենահավակնոտ գործողությունը վերջին շաբաթների ընթացքում»,- գրում է ամերիկյան պարբերականը։
Հոկտեմբերի 16-ին Մասկը հայտարարեց, որ մի քանի օրվա ընթացքում «դասախոսությունների շարք» կանցկացնի Փենսիլվանիա նահանգում։ Դրանց մուտքն ազատ է լինելու, սակայն մասնակցելու համար պետք է ստորագրել խնդրագիր America PAC կայքում, որը, ըստ Մասկի, աջակցություն է հայտնում «խոսքի ազատությանը եւ զենք կրելու իրավունքին»։
The Guardian-ն էլ նշում է, որ Փենսիլվանիան նախագահական մրցավազքում Դոնալդ Թրամփի եւ նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսի համար ամենակարեւոր նահանգներից մեկն է։
Պարբերականը նաեւ գրում է, որ 75 միլիոն դոլար նվիրաբերելով՝ Մասկը դարձել է նախագահի հանրապետական թեկնածուի ամենամեծ դոնորներից մեկը։ Մասնավորապես, Մասկի հետ նույն ժամանակահատվածում խաղային բիզնեսի սեփականատեր Միրիամ Ադելսոնն էլ 95 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի քարոզարշավին։
Իր հերթին Reuters գործակալությունը բացատրում է, որ America PAC-ն իր ջանքերը կենտրոնացնում է, այսպես կոչված, տատանվող նահանգներում ընտրողներին մոբիլիզացնելու վրա։
Իլոն Մասկը, որը, իր իսկ խոսքերով, նախկինում քվեարկել էր ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության օգտին, հուլիսին՝ Թրամփի դեմ Փենսիլվանիայում մահափորձից հետո, հայտարարեց, որ ընթացիկ ընտրություններում սատարելու է Դոնալդ Թրամփին։
X սոցիալական ցանցի իի էջում միլիարդատերը բազմիցս է ընդգծել, որ հավանություն է տալիս Թրամփի ծրագրերին, մասնավորապես՝ ԱՄՆ սահմանները անօրինական միգրանտներից պաշտպանելու քաղաքականությանը, երկրի ներքին անվտանգության ամրապնդմանն ուղղված նրա միջոցառումներին, ինչպես նաեւ խոսքի ազատության պաշտպանության հարցում նրա դիրքորոշմանը:
Հոկտեմբերի 5-ին Մասկը ելույթ ունեցավ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած Թրամփի հանրահավաքում։
Նշենք, որ դեռ հուլիսին The Wall Street Journal-ը գրել էր, որ Մասկը մտադիր է ամսական մոտ 45 միլիոն դոլար հատկացնելու America PAC-ին։