Ուկրաինայում պատերազմին մասնակցելուց հրաժարվելու եւ այդ պատճառով Ռուսաստանի Դաշնությունում քրեական մեղադրանքներով հետապնդվող վեց ռուս նախկին զինվորականներ ժամանակավոր վիզաներ են ստացել, որոնք նրանց թույլ կտան մնալ Ֆրանսիայում մինչ քաղաքական ապաստան ստանալու դիմումների քննության ավարտը։ Այս մասին հայտնում է DW-ն։
Նախկին ռուս զինվորականները Փարիզ են ժամանել միմյանցից անկախ։ Ռուսաստանի Դաշնությունում մոբիլիզացիայից խուսափելու համար օգնող «Идите лесом» կազմակերպությունը նշում է, որ նրանք 2022 եւ 2023 թվականներին Ռուսաստանից փախել են Ղազախստան:
Իրավապաշտպանները նշում են, որ սա առաջին խոշոր դեպքն է, երբ Ռուսաստանի Դաշնությունից դասալիքների խմբին ընդունել է ԵՄ անդամ երկրներից մեկը։
«Идите лесом» կազմակերպության կապերի համակարգող ներկայացուցիչ Իվան Չուվիլյաեւը նշում է, որ կարծում է՝ դասալիքներին ընդունելու Ֆրանսիայի պատրաստակամությունը կարող է նախադեպ դառնալ եւ ուժեղ ազդանշան ծառայել այլ արեւմտյան երկրներին։
«Ֆրանսիայի որոշումը Ֆրանսիայի իշխանությունների եւ մի խումբ իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվ համագործակցության արդյունք է»,- նշել է Չուվիլյաեւը՝ հավելելով, որ այս միջոցով օգնել են շուրջ 2000 ռուս զինվորականի լքել երկրի տարածքը։