ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է 425 մլն դոլարի անվտանգության աջակցության փաթեթի տրամադրման մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
Ըստ հայտարարության՝ նոր փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ, «օդ-ցամաք» հրթիռներ, զրահատեխնիկա եւ «կարեւոր զինամթերք՝ Ուկրաինայի հրատապ կարիքները բավարարելու համար»:
Բացի այդ՝ Սպիտակ տունը հայտնում է, որ առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ, մարտավարական հակաօդային պաշտպանության համակարգեր, լրացուցիչ հրետանային համակարգեր, զգալի քանակությամբ զինամթերք, հարյուրավոր զրահափոխադրիչներ ու հետեւակի մարտական մեքենաներ, ինչպես նաեւ հազարավոր զրահատեխնիկա։
«Առաջնորդները պարտավորվել են ակտիվացնել անվտանգության աջակցության պլանավորումը միջազգային գործընկերների հետ, որպեսզի Ուկրաինային տրամադրվի անհրաժեշտ միջոցները գերակայության համար: Այս ջանքերի շրջանակում 2024 թվականի նոյեմբերին նախագահ Բայդենը կանցկացնի Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի ղեկավարների մակարդակով առցանց հանդիպում, որտեղ առաջնորդները միջազգային գործընկերների հետ կհամակարգեն Ուկրաինային լրացուցիչ աջակցության տրամադրման հարցերը»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության եզրափակիչ հատվածում: