Ռուսաստանը Ադրբեջանի հետ շփումներում բարձրացնում է Ղարաբաղից փախստականների հարցը. նրանք հնարավորություն ունեն վերադառնալու հայրենիք, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այն, ինչին մենք իսկապես կարեկցում ենք, այդ մարդկանց վիճակն է, որոնք լքել են իրենց տները։ Նրանց, որոնց կյանքը կայացել, ձեւավորվել, եւ ոմանց համար էլ այն սկսվել է այնտեղ: Ոմանք այնտեղ թաղված հարազատներ, սիրելիներ ունեն, ընտանիքների ամբողջ կյանք ու պատմություն է կապված այդ տարածքի հետ։ Սա վիթխարի ողբերգություն է, որում, ինչպես լավ հասկանում եք, կան բազմաթիվ ասպեկտներ ու նրբերանգներ։ Մենք բազմիցս ենք մեկնաբանել եւ ընդգծել Բաքվի կառուցողական քայլերը, որոնք ուղղված էին իրենց տները լքած բնակչությանն այնտեղ վերադառնալու հնարավորություն ընձեռելուն։ Անկեղծ կարող եմ ձեզ ասել, թող ինձ ներեն փորձագետ գործընկերները, որ մենք այդ հարցը բարձրացնում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումների ժամանակ, ստանում ենք համապատասխան պարզաբանումներ եւ հստակեցումներ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Զախարովայի համոզմամբ՝ Բաքուն հայ բնակչության վերադարձի համար հնարավորություններ ստեղծել է եւ շարունակում է ընձեռել։
«Վերադարձի հնարավորություն եղել է եւ կա։ Եթե, ինչպես ասում եք, մարդիկ շահագրգռված են պահպանել իրենց տներն ու հայրենի վայրերը, հավանաբար պետք է օգտվել այս հնարավորությունից։ Կրկնում եմ՝ այն կա»,- ասել է Զախարովան։
Նա նաեւ հարցադրում է կատարել, թե ինչ քայլեր է կատարել Երեւանը տեղահանված բնակչության վերադարձը հեշտացնելու համար։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական գործողությունների հետեւանքով, չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը, ամբողջությամբ հայաթափվեց Արցախը։ Շուրջ 115 հազար բնակիչներ ապաստանեցին Հայաստանում։