ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չորեքշաբթի իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի բարելավման եւ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL)՝ խաղաղապահների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Օսթինը Գալանտի հետ խոսել է «Լիբանանում Իսրայելի գործողությունների եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության խնդիրների վերանայման նպատակով»:
«Քարտուղար Օսթինը եւ նախարար Գալանտը քննարկել են THAAD հակահրթիռային մարտկոցի տեղակայման հարցը՝ որպես Իսրայելի պաշտպանությանը Միացյալ Նահանգների անսասան աջակցության գործառնական օրինակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պենտագոնի ղեկավարը Իսրայելի կառավարությանը «խրախուսել է շարունակել քայլերի ձեռնարկումը հումանիտար սարսափելի իրավիճակի լուծման համար՝ նշելով Իսրայելի կողմից Գազա մուտք գործող մարդասիրական օգնության ծավալն ավելացնելու վերջին գործողությունը»:
Ըստ Ռայդերի հայտարարության՝ Օսթինը կարեւորել է Իսրայելի կողմից UNIFIL-ի եւ Լիբանանի զինված ուժերի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը։
«Պետքարտուղար Օսթինն ընդգծել է Իսրայելի եւ Լիբանանի միջեւ սահմանի երկու կողմերում խաղաղ բնակչության անվտանգությունը դիվանագիտական միջոցներով արագ ապահովելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի անսասան եւ շարունակական հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը եւ հստակեցրել, որ Միացյալ Նահանգները լավ պատրաստված է ԱՄՆ-ի ուժերին, գործընկերներին եւ դաշնակիցներին պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին UNIFIL-ը հայտնել էր իսրայելական զինուժի կողմից Լիբանանի Ռաս ալ-Նակուրայում տեղակայված իր դիրքերի գնդակոծման մասին, ինչի հետեւանքով վիրավորվել էր երկու խաղաղապահ: Իսրայելական հարձակումների եւ խաղապահների վիրավորումների մասին հաջորդաբար հայտարարվեց նաեւ հոկտեմբերի 11-ին եւ 12-ին։ Իսրայելը կատարվածի համար մեղադրել է «Հեզբոլլահի» զինված կազմավորումներին, որոնք, ըստ իսրայելական կողմի, խաղաղապահներին օգտագործում են «որպես կենդանի վահան»։
Հոկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ պահանջելով անհապաղ դուրս բերել UNIFIL-ի խաղաղապահներին լիբանանա-իսրայելական սահմանային մարտական գոտուց։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հոկտեմբերի 15-ին հայտնեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Պենտագոնի ղեկավար Օսթինը նամակ են ուղարկել իրենց իսրայելցի գործընկերներին, որում պահանջում են «30 օրվա ընթացքում կոնկրետ միջոցներ ձեռնարկել» Գազայում հումանիտար իրավիճակը բարելավելու համար։ Նամակում, որի տեքստն ավելի վաղ հրապարակել էր Axios հարթակը, նշվում է, որ ԱՄՆ-ի պահանջները չկատարելը կարող է հետեւանքների հանգեցնել Իսրայելին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում։
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ նախագահ Ջո Բայդենին կոչ էին արել դադարեցնել ռազմական օգնությունը Իսրայելին Գազայի հատվածում շարունակվող հակամարտության ֆոնին։