Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու եւ ռազմական պայքար ծավալելու ՀԱՄԱՍ-ի դեմ, սակայն պետք է հարգի միջազգային իրավունքը։ Այս մասին ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես լրագրողներին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ից եւ պայքարել ռազմական միջոցներով։ Միեւնույն ժամանակ պետք է հարգվեն բոլոր չափանիշերը, ինչպիսիք է միջազգային իրավունքը՝ ապահովելով, որ մարդասիրական օգնությունը հասնի Գազա, որպեսզի պատերազմն ավելի չսրվի»,- ասել է Շոլցը եւ դատապարտել հոկտեմբերի 1-ին Իրանի զանգվածային հրթիռային հարձակումը Իսրայելի վրա։
Կանցլերը նաեւ հայտարարել է, որ հակամարտության լուծման միակ ճանապարհը «երկու պետություն» սկզբունքով լուծումն է, որը, նրա գնահատմամբ, լավ ապագա ունենալու երաշախավորն է։
«Հեռանկարը պարզ է. անհրաժեշտ է երկու պետությունների լուծում, որպեսզի իսրայելցիներն ու պաղեստինցիները Արեւմտյան ափում եւ Գազայում կարողանան խաղաղ ապրել միմյանց հետ եւ լավ ապագա ունենան,- ասել է Շոլցը, ապա անդրադառնալով Իսրայելին ցուցաբերվող աջակցությանը՝ նշել,- Իսրայելին աջակցելը նաեւ նշանակում է, որ մենք պետք է շարունակաբար ապահովենք Իսրայելի պաշտպանունակությունը, այդ թվում՝ ռազմական արտադրանքի կամ զենքի մատակարարման միջոցով»։
Ավելի վաղ Bild թերթը հայտնել էր, որ Գերմանիայի իշխանությունները մարտից սկսած Իսրայել զենքի արտահանման թույլտվություն չեն տվել՝ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի եւ արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոկի դիրքորոշման պատճառով։
Թերթի տեղեկություններով՝ նշյալ նախարարները արգելափակել են մատակարարումները՝ երաշխիքներ փնտրելով, որ զենքը չի օգտագործվի «ցեղասպանության համար»։ Արդյունքում հրեական պետությունն անցած շաբաթ տրամադրեց նման գրավոր երաշխիքներ, իսկ կանցլերը հայտարարեց զենքի նոր մատակարարումների մասին։