Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ Ազգային ժողովում այսօր ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ թեեւ իր գլխավորած «Սրբազան պայքար» շարժումը այս փուլում չի հաջողել, սակայն պայքարը շարունակվում է։
«Մենք սկսեցինք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը շատ շուտով վերանվանվեց «Սրբազան պայքար», այն հստակ գիտակցումով, որ Տավուշում սկսված անօրինական եւ ամոթալի գործընթացը չի սահմանափակվել եւ չի սահմանափակվելու միայն տավուշյան տեղային նշանակությամբ եւ գործողությամբ, այն շարունակական գործընթաց է, որը վերաբերում է ամբողջ ՀՀ-ին, ոչ միայն հայրենահանձման առումով, այլեւ փորձելով խարխլել մեր պետության ողջ իրավական հիմքերը՝ սկսած տարածքային ամբողջականությունից մինչեւ Սահմանադրության փոփոխություն եւ Հռչակագրի ժխտում, ինքնութենական նկարագրի եւ պահանջատիրության մերժում։ Այո, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն այս պայքարի ընթացքը շարունակվում է՝ հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի ու խարդավանքների, որովհետեւ այս պայքարը ներկա անպատիվ ընթացքը կասեցնելու եւ մեր պետականությունը վերականգնելու մասին է»,- ասել է Բագրատ սրբազանը։
Շարժման առաջնորդի խոսքերով` թեեւ իրենց ներկա պահին չի հաջողվել կանգնեցնել Կիրանց-Ոսկեպարի հատվածի, իր բնութագրմամբ, «հանձնման աղետը», սակայն հաջողվել է կանգնեցնել կամ հետաձգել «անկլավների հանձնման ու նոր տարածքներ զիջելու» ընթացքը, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգի ստորագրումը, ինչպես նաեւ Ադրբեջանի պարտադրած սահմանադրական փոփոխությունների դավադիր ծրագիրը։
«Երբ մենք շեշտում էինք, որ սա սահմանազատում եւ սահմանագծում չէ, այլ միակողմանի զիջում պարտադրանքի ներքո, ոմանք չէին ցանկանում հասկանալ ու չէին հասկանում։ Գործող կառավարությունը այս կանոնակարգի ներդրումով փաստեց մեր ասածների իսկությունը։ Աշխարհում չլսված եւ չտեսնված, երբեւէ չգրանցված երեւույթ է միակողմանի զիջել տարածքները, այդ ճանապարհին խաբել եւ սպառնալ հանրությանը, տարածքներ զիջելուց հետո նոր միայն կանոնակարգ ստորագրել այդ տարածքների սահմանազատման եւ սահմանազատման մասին, այն էլ ամբողջությամբ հարմարեցնելով թշնամու պահանջներին եւ պարտադրանքներին»,-հայտարարել է սրբազանը։
Հաջորդիվ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ թիմակիցներին` Բագրատ սրբազանը հայտարարել է, որ պատասխանատվության հասնելու է, եւ այն հեռու չէ։
«Այս կառավարության ղեկավարն ամբողջությամբ գիտակցում է՝ ինչ արագությամբ ու խորությամբ է ձախողել մեր պետականությունը, դրա հիմքերն ու ինքնիշխանությունը, եւ այս պատճառով քաջ գիտակցելով իր հանցանքի չափաբաժինը՝ փորձում է հանցակից դարձնել իր շուրջը գտնվող բոլորին անխտիր։ Այլապես ինչո՞ւ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը, դրան հաջորդած բոլոր փաստաթղթերը, ներառյալ հոկտեմբերի 6-ի Պրահայի փաստաթուղթը, որով հանձնվեց Արցախը, չներկայացվեցին ո՛չ Սահմանադրական դատարան, ո՛չ Ազգային ժողով, սակայն այս կանոնակարգ կոչվածը, որն անգամ ինքը չի ստորագրել, անցնում է այս ընթացակարգով։ Մեկ նպատակով՝ հանցակից դարձնել բոլորին՝ ՍԴ֊ին, ԱԺ֊ին եւ նույնիսկ իր կուսակցությանն ու խմբակցությանը»,- հայտարարել է սրբազանը։
Նշենք, որ Բագրատ սրբազանը Ազգային ժողովում ելույթ է ունեցել Անկախության հռչակագրի թեմայով ընդդիմության հրավիրած լսումների շրջանակում, որին հրավիրված են եղել նաեւ արտախորհրդարանական ուժերը։
Հիշեցնենք, որ Տավուշում սահմանազատման, ապա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանի շուրջ երկու ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվեցին հունիսին Հայաստանի Ազգային ժողովի մոտ ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներով: