Բաքվի դատարանը երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը։
Հոկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ Վարդանյանի փաստաբանները հայցեր էին ներկայացրել Բաքվի դատարան՝ պնդելով, որ նա ենթարկվել է խոշտանգումների եւ զրկվել է արագ դատաքննության իրավունքից:
Հիշեցնենք, որ Վարդանյանին ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հակարի կամրջի մոտ։ Ադրբեջանական կողմը Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու եւ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։
Բաքվի դատարանը հոկտեմբերի 12-ին նաեւ որոշում էր կայացրել երկարաձգել 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողություններից հետո գերեվարված Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետները։
Նշենք նաեւ, որ Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի սեպտեմբերից հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվել Արցախ։ Նույն տարվա նոյեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել էր պետնախարարի պաշտոնում եւ ղեկավարել մինչեւ 2023-ի փետրվարը։