Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունից հետո Ռուսաստանը անհանգստացած է Մերձավոր Արևելքի համար սպասվող հետեւանքներով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսրայելն իրականացնում է իր գործողությունները։ Մեզ համար գլխավորն այն հետևանքներն են, որոնք մենք նկատում ենք խաղաղ բնակչության համար։ Սա էական մտահոգություն է առաջացնում մեզ համար։ Մարդասիրական աղետը, որը նկատվում է ինչպես Գազայում, այնպես էլ Լիբանանում, մեր լուրջ մտահոգությունն է»,- նշել է ՌԴ նախագահի խոսնակը։
Հոկտեմբերի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանության մասին։ Մինչ այս՝ 2024 թվականի օգոստոսին, Թեհրանում սպանվել էր շարժման նախորդ առաջնորդ Իսմայիլ Հանիեն։