Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո Եվրոպական խորհուրդը վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու վրաց ժողովրդին եվրոպական ինտեգրման ձգտումներում: Միեւնույն ժամանակ, ԵՄ բարձրագույն քաղաքական մարմինը լուրջ մտահոգություն է հայտնել Վրաստանի կառավարության գործողությունների վերաբերյալ, որոնք հակասում են հիմնարար արժեքներին եւ սկզբունքներին, որոնց վրա հիմնված է միությունը։
Գագաթնաժողովից հետո հրապարակված փաստաթղթում խորհուրդը հիշեցրել է, որ նման գործողությունները վտանգում են Վրաստանի եվրոպական ուղին եւ «փաստացի կասեցնում են ԵՄ-ին նրա անդամակցության գործընթացը»: Դրանում Վրաստանին կոչ է արվում ժողովրդավարական, համապարփակ եւ կայուն բարեփոխումներ իրականացնել՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան։
«Եվրոպական խորհուրդը կշարունակի ուշադիր հետեւել երկրում տիրող իրավիճակին եւ ակնկալում է, որ Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ եւ արդար՝ միջազգային չափանիշներին համապատասխան, եւ միջազգային ու տեղական դիտորդների անարգել մուտքի հնարավորություն կունենան»,- ասվում է փաստաթղթում։
Եվրոպական խորհուրդն ընդգծել է ազատ, անկախ եւ բազմակարծիք լրատվամիջոցների պաշտպանության անհրաժեշտությունը:
Խորհուրդը նաեւ վերահաստատել է Եվրամիության անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Եվրոպական միության բարձրագույն մարմինը՝ Եվրոպական խորհուրդը, որը գլխավորում է Շառլ Միշելը, միավորում է Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին եւ Եվրահանձնաժողովի նախագահին։ Հոկտեմբերի 17-ին հրապարակված կարծիքն անդրադառնում է տարբեր հարցերի ու երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմին եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին։