Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ 3+3 հարթակի երրորդ հանդիպումը հիմնված է Հարավային Կովկասի ընկալման վրա, քանի որ այդ տարածաշրջանի երկրները լավագույնս գիտեն եւ կարող են լուծել իրենց առջեւ ծառացած խնդիրները։
«Հարավային Կովկասի վերաբերյալ մեր տեսակետը հիմնված է նաեւ տարածաշրջանային սեփականության ընկալման վրա: Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի պետությունները լավագույնս գիտեն տարածաշրջանային խնդիրները եւ ունակ են դրանք լուծելու»,- ասել է Ֆիդանը՝ խորհրդատվական հարթակի նիստը բացելիս։
Թուրքիայի արտգործնախարարը նաեւ նշել է, որ 3+3-ը ծառայում է որպես խորհրդատվական հարթակ, որն ուղղված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը եւ համագործակցության հնարավորությունների գնահատմանը։ Ֆիդանը հաջորդիվ հիշեցրել է, որ նման տարածաշրջանային հարթակի ձեւավորման գաղափարը առաջ է քաշվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից շաբաթներ անց։
Ֆիդանը հավելել է, որ հանդիպման ավարտին նախատեսվում է համատեղ հայտարարություն ընդունել հիմնական արդյունքների վերաբերյալ։ Նրա խոսքերով` հանդիպման նպատակն է գնահատել այն գործողությունները, որոնք կարող են ձեռնարկվել տարածաշրջանում կայունության հաստատման եւ բարգավաճման համար, ներառյալ տարածաշրջանային կապի ամրապնդմանն ուղղված կոնկրետ համագործակցության նախագծերը:
Թուրք դիվանագետը նաեւ ընդգծել է, որ Անկարան աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին, եւ որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ նույնպես նորմալացման գործընթաց է սկսվել։