Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Խալիլ Հայյան պաշտոնապես հաստատել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանության մասին տեղեկությունը։
«Նա իր վերջին րոպեները դիմավորեց արիաբար, գլուխը բարձր պահած, ձեռքում հրազենը սեղմելով, մինչեւ վերջին շունչն ու կյանքի վերջին պահը կրակելով։ Սինվարն իր ամբողջ կյանքն ապրել է որպես մուջահիդ։ Դեռ վաղ տարիքից է նա դիմադրության պայքարին միացել։ Նա հաստատուն էր մնացել իսրայելական բանտում եւ փոխանակման շնորհիվ ազատվելուց հետո շարունակել է պայքարը եւ գործին նվիրվածությունը»,- ասել է Գազայում ՀԱՄԱՍ շարժման ղեկավար համարվող Հայյան հեռուստատեսային ուղերձի ժամանակ։
Նա նաեւ հավելել է, որ Գազայում պահվող գերիները չեն վերադառնա այնքան ժամանակ, մինչեւ Իսրայելը չդադարեցնի իր հարձակումները Գազայի վրա եւ դուրս չբերի իր ուժերը պաշարված շրջանից:
Սինվարի սպանության մասին Իսրայելը հայտարարեց հոկտեմբերի 17-ին։ Իսրայելի պաշտպանության բանակի նախնական հայտարարության մեջ նշվում էր, որ Գազայի հարավում իրականացրած գործողությունների հետեւանքով սպանվել են ՀԱՄԱՍ-ի երեք ներկայացուցիչ։ Ավելի ուշ իսրայելական կողմը պաշտոնապես տեղեկացրեց, որ նրանցից մեկը եղել է Սինվարը։
Սինվարը համարվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման գլխավոր կազմակերպիչն ու գաղափարախոսը։ 2017 թվականից նա ղեկավարել էր շարժման Գազայի մասնաճյուղը, իսկ 2024 թվականին ընտրվել որպես ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար՝ օգոստոսի վերջին Թեհրանում շարժման նախկին ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո։