Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «սադրանք» է անվանել Ուկրաինայի կողմից միջուկային զենքի հնարավոր ստեղծման մասին քննարկումները։ Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ ցանկացած քայլ կբերի Ռուսաստանի «համապատասխան արձագանքին»։
«Սա հերթական սադրանքն է։ Ժամանակակից աշխարհում միջուկային զենք ստեղծելը դժվար չէ։ Չգիտեմ՝ Ուկրաինան ի վիճակի է արդյոք դա անելու հիմա, Ուկրաինայի համար այսօր դա այնքան էլ հեշտ չէ։ Բայց, ընդհանուր առմամբ, այստեղ մեծ դժվարություններ չկան։ Նման սպառնալիքը համապատասխան արձագանք կառաջացնի Ռուսաստանի Դաշնության կողմից։ Անմիջապես կարող եմ ասել. Ռուսաստանը ոչ մի դեպքում դա թույլ չի տա»,- ասել է Պուտինը BRICS-ի երկրների առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը ուկրաինական իշխանություններին մեղադրել է պատերազմի մեկնարկից առաջ միջուկային զենք ունենալու անհրաժեշտության մասին բազմաթիվ հայտարարությունների համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կարող է հետեւել Կիեւի կողմից միջուկային զենք ձեռք բերելուն ուղղված ցանկացած քայլի եւ համոզմունք է հայտնել, որ դա թաքցնելն անհնար է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Բրյուսելում հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցը։ Զրույցի ընթացքում նա նշել է, որ չեն գործում 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի երաշխիքները, որոնց համաձայն՝ Ուկրաինային խոստացվել է տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանություն միջուկային զենքից հրաժարվելու դիմաց։
«Կա՛մ Ուկրաինան միջուկային զենք կունենա, եւ դա մեզ համար պաշտպանություն կլինի, կա՛մ մենք պետք է ինչ—որ դաշինքի մաս լինենք։ Բացի ՆԱՏՕ-ից՝ այսօր մենք արդյունավետ այլ դաշինքներ չգիտենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ ընդգծելով, որ հենց այս ձեւով է հիմնավորել իր տեսակետները Թրամփի հետ զրույցի ընթացքում: