Ստամբուլում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի18-ին հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Հանդիպումը կայացել է «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր:
Միրզոյանը եւ Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Հարավային Կովկասում կայունության ապահովման տեսլականի շրջանակում անդրադարձ է կատարվել Հայաստան—Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման կարեւորությանը։
Փոխանցվում է, որ կողմերը վերահաստատել են տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը՝ հիմնված ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքների նկատմամբ լիարժեք հարգանքի վրա։