Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ՝ կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները եւ պայմանավորվել շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման ու սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:
Նշվում է նաեւ, որ կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը։
Ավելի վաղ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Միրզոյանի եւ Բայրամովի հանդիպումը տեւել է 55 րոպե:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Ստամբուլում կայացել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպումը։
Հանդիպման ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՌԴ—ն, Իրանը եւ Թուրքիան հանդիպման ժամանակ Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ավարտին հասցնել «3+3» հարթակում։
«Մենք, թուրքերն ու իրանցիներն առաջարկել ենք մեր գործընկերներին՝ Երևանին եւ Բաքվին, օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։