Վերջին տարիներին պլաստիկ վիրահատություններն ու դեմքի ուրվագծային պլաստիկան շատ նորաձեւ են դարձել։ Բազմաթիվ աղջիկներ ու կանայք ցանկանում են ունենալ ընդգծված այտոսկրեր, գեղեցիկ կզակ, արտահայտիչ շուրթեր, ինչպիսիք ունի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին։ Էսթետիկ բժշկության ոլորտում նույնիսսկ առանձին այդպիսի միջամտությունների պրոցեդուրա կա, որ կոչվում է «Ջոլիի պրոֆիլ»։
Բժշկական գիտությունների թեկնածու, դիմածնոտային վիրաբույժ Լուսինե Ալեքսանյանը պատմում է՝ հաճախ է պացիենտին մերժում՝ բացատրելով, որ նա այդ միջամտության կարիքը չունի, կամ դա իրեն հակացուցված է, երբեմն էլ այլ միջամտություն է առաջարկում։
«Ավելի հաճախ դիմում են շուրթերի ծավալը մեծացնելու կամ դեմքի ուրվագծերը փոխելու համար։ Ինսթագրամում կամ այլ կայքերում նկարներ են տեսնում և որոշում են դեմքի նույնպիսի ուրվագծեր ունենալ, մինչդեռ նախ պետք է հասկանալ՝ արդյո՞ք դա նրանց կհամապատասխանի»,- բացատրում է բժշկուհին։
Գոյություն ունի դիսմորֆոֆոբիա հիվանդությունը, երբ մարդը իր մարմնի որեւէ հատված չի հավանում, հայելու մեջ նայելիս մտածում է, որ մարմնի որեւէ հատված փոփոխության կարիք ունի, մինչդեռ դա այդպես չէ։
«Ես ավելի շատ վիրահատություններ եմ կատարում, քան ներարկումային միջամտություններ։ Իմ պրակտիկայում հաճախ են լինում դեպքեր, երբ պացիենտը քթի վիրահատություն կատարելուց առաջ մտածում է՝ կյանքը վիրահատությունից հետո լրիվ փոխվելու է, եւ երբ լավ արդյունք ենք ստանում, բայց նրա կյանքը չի փոխվում, պացիենտը մտածում է՝ խնդիրներ գտնել վիրահատության մեջ կամ դիմել այլ միջամտությունների։ Որոշ դեպքերում էլ մարդիկ ինչ-որ միջամտություն անելուց հետո ազարտի մեջ են ընկնում ու սկսում են շարունակաբար պրոցեդուրաներ կատարել։ Սա արդեն խոսում է հոգեբանական խնդիրների մասին»,- նշում է Լուսինե Ալեքսանյանը։
Քանի որ այս ոլորտն առանձնապես չի վերահսկվում, գաղտնիք չէ, որ վարսահարդարման սրահներում բժշկական կրթություն չունեցող անձինք եւս ներարկումային պրոցեդուրաներ են կատարում։ Լուսինե Ալեքսանյանն ասում է՝ մասնագիտական համապատասխան կրթություն չունեցող մարդիկ իրենց դիմած աղջիկներին չեն մերժում, անում են նրանց ցանկացած միջամտությունը, նույնիսկ եթե նա չունի դրա կարիքը։ Անշուշտ, ավելի ցավալի են այն դեպքերը, երբ ոչ պրեֆեսիոնալ աշխատանքի պատճառով ներարկումային պրոցեդուրան կարող է անհաջող անցնել, որի դրա հետեւանքով կարող են առողջության լուրջ խնդիրներ առաջանալ։
Մասնագետը մանրամասնում է՝ բժշկին դիմող քաղաքացիների մեծ մասը, բնականաբար, բժշկական կրթություն չունի, ուստի մարդը հաճախ չի հասկանում, որ իրականում չունի այդ միջամտության կարիքը։ Բժիշկը հարկ եղած դեպքում պիտի մերժի այդ անձանց, չկատարի տվյալ միջամտությունը, եւ անհրաժեշտ ցուցումներ պիտի տա։ Այլ կերպ ասած՝ հարկ եղած դեպքում բժիշկը պետք է կարողանա պացիենտին ասել՝ ոչ։
Մասնագետի հավաստմամբ՝ էսթետիկ միջամտությունների համար բժիշկներին ավելի շատ են դիմում ուսանողները կամ դաշտանադադարի շրջանում գտնվող կանայք։ Ըստ Լուսինե Ալեքսանյանի՝ անշուշտ, կինն իրեն պետք է հետեւի, հարկ եղած դեպքում պետք է կատարվի բոտուլինոթերապիա (կատարվում է բոտուլոտոքսինի ներարկում, որը կասեցնում է նյարդային ազդակը մկանին՝ այդպիսով թուլացնելով միմիկան, որի շնորհիվ միմիկայի կիրառման ժամանակ միմիկական կնճիռների ի հայտ գալը կանխվում է) կամ ֆիլլեր (ֆիլերները հիալուրոնաթթվի հիմքով գելանման նյութեր են, որոնք ներարկվում են խորը կնճիռների, գրավիտացիայի հետեւանքով հյուսվածքների իջեցման դեմ պայքարելու կամ դեմքի եւ մարմնի այլ հատվածին ծավալ հաղորդելու, ասիմետրիայի շտկման համար): Բայց այդ ամենը պետք է լինի չափավոր։
Մասնագետի հավաստմամբ՝ էսթետիկ միջամտությունների համար բժիշկներին ավելի շատ են դիմում ուսանողները կամ դաշտանադադարի շրջանում գտնվող կանայք։ Ըստ Լուսինե Ալեքսանյանի՝ անշուշտ, կինն իրեն պետք է հետեւի, հարկ եղած դեպքում բոտուլինոթերապիա (կատարվում է բոտուլոտոքսինի ներարկում, որը կասեցնում է նյարդային ազդակը մկանին՝ այդպիսով թուլացնելով միմիկան, որի շնորհիվ միմիկայի կիրառման ժամանակ միմիկական կնճիռների ի հայտ գալը կանխվում է) կամ ֆիլեր կատարել (ֆիլերները հիալուրոնաթթվի հիմքով գելանման նյութեր են, որոնք ներարկվում են խոր կնճիռների, գրավիտացիայի հետեւանքով հյուսվածքների իջեցման դեմ պայքարելու կամ դեմքի եւ մարմնի այլ հատվածին ծավալ հաղորդելու, ասիմետրիայի շտկման համար): Բայց այդ ամենը պետք է լինի չափավոր։
«Երբեմն, երբ մարդն արդեն զբաղվածություն չունի ու լիարժեք կյանքով չի ապրում, հակված է էսթետիկ միջամտություններ կատարելու։ Դիմում են հատկապես 50 տարեկանը լրացած կանայք։ Ուստի ես միշտ իմ պացիենտներին հարցնում եմ՝ ինչո՞ւ որոշեցիք նման միջամտության դիմել, քանի որ, գուցե, հույզերի ազդեցության տակ է նման որոշում կայացրել, եւ հնարավոր է՝ հետո զղջա։ Այսինքն՝ պետք է հասկանալ՝ ինչու է նա դիմել այդ քայլին։ Օրինակ՝ երեսուն տարեկանից հետո ես ցուցում եմ տալիս բոտուլինոթերապիա անել, որպեսզի միմիկայի պատճառով կնճիռները չխորանան, բայց երբ մարդը տարիներ շարունակ որեւէ պրոցեդուրայի չի դիմել եւ հանկարծ որոշում է մի քանի բան փոփոխել իր մարմնի վրա, ուրեմն մի բան այն չէ, ուստի միշտ պետք է հասկանալ պացիենտի հոգեվիճակը»,- ասում է բժշկուհին։
Էսթետիկ միջամտությունների (հիմնականում քթի պլաստիկ վիրահատություն) համար նաև տղամարդիկ են դիմում, բայց նրանց թիվը մեծ չէ։
Հոգեբան Արփինե Դավթյանն ասում է՝ դեռ հնում՝ նույնիսկ Արիստոտելի ժամանակներում (4-րդ դարում), մարդիկ որոշակի միջոցներ էին կիրառում երիտասարդ ու գեղեցիկ երեւալու համար ։ Ըստ հոգեբանի՝ ոմանք, այսպես ասած, հաշտ չեն իրենց տարիքի հետ, ուստի հակված են էսթետիկ միջամտություններ կատարելու։
«Ոմանք պարզապես կախվածություն ունեն էսթետիկ միջամտություններից։ Նրանք հակված են պարբերաբար բոտուլինոթերապիա անելու, որպեսզի խուսափեն կնճիռներից, ոմանք էլ լուրջ վիրահատական միջամտությունների են դիմում, օրինակ՝ կրծքերն են մեծացնում կամ փոքրացնում։ Մարդիկ կան, որ սթրեսի մեջ են ընկնում, երբ իրենց չի գոհացնում մարմնի որեւէ մաս, առավել եւս, եթե ինչ-որ մեկն ասում է՝ ինչո՞ւ քեզ չես հետեւում, հիմա բժշկությունը զարգացել է։ Այսպիսի դեպքերում մարդու հոգեբանական խնդիրներն ավելի են սրվում։ Սովորաբար ցածր ինքնագնահատականը սերտորեն կապված է նրա դեռահասության շրջանի, այդ տարիներին չհաղթահարված խնդիրների հետ»,- մանրամասնում է հոգեբանը։։
Դեռահասության տարիքում թերարժեքության բարդույթը երբեմն չի անցնում ու մարդուն հետապնդում է անգամ երիտասարդության տարիներին։ Շատերն իրենց անլիարժեքությունը հաղթահարելու նպատակով են դիմում էսթետիկ միջամտությունների՝ չգիտակցելով, որ այդ խնդիրն ավելի խոր արմատներ ունի, ու այն պետք է բուժել արմատապես։
Բայց պետք է հասկանալ, որ երբեմն անձի ինքնագնահատականի վերականգնման համար որեւէ պլաստիկ միջամտություն կատարելը սխալ լուծում չէ, ենթադրենք՝ նա ունի մեծ կամ սապատով քիթ, ամեն անգամ հայելու մեջ նայելիս հոգեբանորեն ճնշվելու է, միջավայրում իրեն անինքնավստահ է զգալու, հետեւաբար պլաստիկ վիրատահությունից հետո, երբ սապատով քիթը շտկված լինի, թերարժեքության բարդույթը, որը կապված էր սապատով մեծ քթի հետ, կարող է անհետանալ, ու միայն տվյալ միջամտությունից հետո նա կարող է հաղթահարել հոգեբանական այդ խնդիրը։
Զրույցի վերջում հոգեբանն ընդգծում է՝ նրանք, ովքեր հակված են պարբերաբար էսթետիկ միջամտություններ կատարելու եւ չեն կարողանում կանգ առնել, հոգեբանական լուրջ խնդիր ունեն, որը հաղթահարելու համար հարկավոր է դիմել մասնագետի։ Այսպիսի իրավիճակում հայտնված անձանց հարազատները պետք է աչալուրջ ու սրտացավ լինեն եւ խորհուրդ տան դիմել հոգեբանի։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։