ՆԱՏՕ-ի մի քանի անդամներ պաշտպանել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «Հաղթանակի ծրագիրը», հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին։ Որոշ դաշնակիցներ համաձայն են, որ Ուկրաինայի վաղաժամ անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին կարող է լինել Ռուսաստանի վրա ճնշման «պոտենցիալ լծակ»:
Միեւնույն ժամանակ, Bloomberg-ի աղբյուրները նշել են, որ ՆԱՏՕ-ի անդամների՝ այս հարցում տարաձայնությունները պահպանվում են։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին Բեռլին կատարած այցի ժամանակ դաշնակիցներին կոչ է արել «չհանձնվել»։ «Մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային, քանի դեռ նա չի հաստատել արդար եւ կայուն խաղաղություն»,- ասել է Բայդենը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է մոտ ապագայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցմանը։ «Մենք աջակցում ենք Ուկրաինային, որքան կարող ենք, եւ հետեւում ենք, որպեսզի ՆԱՏՕ-ն չդառնա պատերազմի կողմ»,- ասել է Շոլցը Բեռլինում ԱՄՆ նախագահ Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ըստ նրա՝ իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել «ավելի մեծ աղետի»։
Նույն օրը Ֆրանսիայի արտգործնախարարությունից էլ հայտարարել էին, որ Փարիզը համոզում է դաշնակիցներին մոտ ապագայում Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու համար։
«Հրավերն առաջին քայլն է, քաղաքական ազդանշան է այն, եւ մենք կարող ենք դա անել հիմա, մենք ջանքեր կգործադրենք մեր գործընկերներին համոզելու համար՝ նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անդամակցությունը երկար եւ բարդ գործընթաց է»,- ասել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարի պատվիրակ Բենջամին Ադադը։
Դաշնակիցները միասնական դիրքորոշման չեն հասել նաեւ Ուկրաինային հեռահար զենք մատակարարելու հարցում։
Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ կանցլեր Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ԱՄՆ նախագահի հանդիպումների նպատակն էր «փակ դռների հետեւում քննարկել մի շարք հարցեր, այդ թվում այն, թե ինչպես շարունակել աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ եւ արձագանքել Մերձավոր Արեւելքում արագ փոփոխվող իրավիճակին»։
Նախորդ շաբաթ Գերագույն ռադայում Զելենսկին ներկայացրեց իր հինգ կետից բաղկացած «Հաղթանակի ծրագիրը», որը պարունակում է այնպիսի առաջարկներ, ինչպիսիք են Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը, Ուկրաինայի զինված ուժերի ուժեղացումը եւ Ռուսաստանի «ոչ միջուկային զսպումը»։