ԱՄՆ-ում 83 տարեկանում մահացել է թուրք ազդեցիկ կրոնական եւ հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին Թուրքիայի գործող իշխանությունները մեղադրում են 2016 թվականին երկրում հեղաշրջում կատարելու փորձի համար։ Նա ԱՄՆ տեղափոխվել էր 1999 թվականից։
Սոցիալական ցանցերում Գյուլենի «Հիզմեթ» շարժմանն առնչվող էջերի փոխանցմամբ՝ իսլամական քարոզիչը մահացել է Փենսիլվանիայի հիվանդանոցներից մեկում։
Նրա կողմնակիցների՝ Herkul.org հարթակի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ հասարակական գործչի մահը արձանագրվել է հոկտեմբերի 20-ին՝ 21։20-ին։ Նաեւ նշվում է, որ նրա բժիշկները մոտ ժամերին հանդես կգան հավելյալ հայտարարությամբ։
Գյուլենի մահվան վերաբերյալ տեղեկությունը հաստատել է նաեւ նրա եղբորորդին՝ Էբուսսեմե Գյուլենը, որի մասին հայտնում է CNN Turk-ը։ Ավելի ուշ նրա մահվան մասին լուրը սկսել են հայտնել նաեւ թուրքական հիմնական լրատվամիջոցները։
Գյուլենը համարվում էր Թուրքիայի երկրորդ ամենաազդեցիկ մարդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո։ Նրան հաջողվել էր ստեղծել հզոր իսլամական շարժում, որն այժմ ունի միլիոնավոր համախոհներ ամբողջ աշխարհում:
Նրա ղեկավարած կազմակերպության դեմ առաջին գործը հարուցվել է 1999 թվականին։ «Հիզմեթ»-ի անդամները եւ նրանց առաջնորդ Գյուլենը մեղադրվում են «անօրինական կազմակերպություն ստեղծելու համար, որը նպատակ ուներ փոխելու սահմանադրական համակարգը եւ այն փոխարինելու իսլամական սկզբունքների վրա հիմնված պետությունով»։
2013 թվականին՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ հարաբերությունների վատթարացումից եւ հատկապես 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո, քարոզչի կողմնակիցներից շատերը բանտարկվեցին։
Ինքը՝ Գյուլենը, ճանաչվեց «ահաբեկչական կազմակերպության առաջնորդ», իսկ Անկարան մի շարք անհաջող փորձեր ձեռնարկեց՝ հասնելու ԱՄՆ-ից նրա արտահանձնմանը։