Ըստ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում բանակցությունները պետք է վարվեն առանց միջնորդների։ Այս մասին փոխվարչապետը հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։
«Եթե կա հնարավորություն բանակցելու, եթե մենք սուվերեն պետություն ենք եւ շանս ունենք բանակցելու, մենք պետք է առանց միջնորդների բանակցենք։ Վեճերի լուծման կարգը, ինչ խոսք, շատ բարդ գործընթաց է։ Բոլորս դա շատ լավ հասկանում ենք, այդ թվում եւ ես, որովհետեւ այդ վեճերի մեջ եղել եմ։ Եղել եմ նաեւ այդ վեճերի լուծման ու չլուծման կիզակետում, բայց եթե մենք երրորդ երկիր բերենք սարքենք արբիտրաժ, ես չգիտեմ՝ ինչ շահերի բախում կլինի։ Եվ եթե էստեղ դոգմատիկ ասենք, որ այս երկրի կամ այս մարմնի վեճի լուծման արդյունքը երկուսիս համար էլ պարտադիր է, ես չեմ կարող էդպիսի բանի տակ ստորագրել, որովհետեւ այսօրվա աշխարհում մենք կարող է այնպիսի ռիսկերի մեջ մխրճվենք, որ մեզնից անկախ լինի որոշում, որը պարտադիր լինի մեզ համար, իսկ ես չկարողանամ պատասխան տալ, թե էդ որոշումը ինչու մենք պետք է կյանքի կոչենք»,- ասել է Գրիգորյանը։
Փոխվարչապետը նաեւ հավելել է, որ սահմանազատման գործընթացում մասնակցել ցանկացող երկրներ անուամենայնիվ կան, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը։
«Այս գործընթացի տարբեր երկրներ բնականաբար այս կամ այն ձեւով, կամ այս կամ այն խորությամբ ուզում են մասնակցել, բայց արդյո՞ք դա ճիշտ է։ Ես չեմ համարում, որ դա ճիշտ է»,- նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքերով՝ կանոնակարգը փաստացի ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրության հիման վրա, քանի որ հենց այդ արձանագրության համաձայն էր, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման գործընթացում Ալմա-Աթայի հռչակագրով առաջնորդվելու վերաբերյալ:
Փոխվարչապետը նաեւ նշել է, որ սահմանազատման կանոնակարգից բխում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հետագայում կնքելու են առանձին պայմանագիր, որը կվերաբերի պետական սահմաններին։
«Կանոնակարգի 5-րդ հոդվածի 4-րդ մասից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, եւ այն անցնելու է անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր, որից հետո ուժի մեջ կմտնի սահմանագծի անցման արձանագրություն-նկարագրությունը՝ որպես այդ միջազգային պայմանագրի բաղկացուցիչ մաս»,- նշել է Գրիգորյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչու կանոնակարգի մեջ որեւէ կոնկրետ քարտեզի հղում չի տրվում, Գրիգորյանը պատասխանել է, որ միայն մեկ քարտեզին հղում տալը ռիսկային կլինի, թե՛ ներկա եւ թե՛ ընդհանարախես բոլոր փուլերում։
«ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների կազմման գործընթացը տեւել է 1974-1978 թթ., որը բաղկացած է մոտ 20 կտորից: Այդ բոլոր քարտեզներն անցել են հերթապահություն 1979 թվականին: Բայց նույնիսկ միայն Գլխավոր շտաբի քարտեզի վրա հղում տալը՝ կախված տեղանքից, մասշտաբից եւ բաց տեղերից, ռիսկային է: Այո՛, ես կարծում եմ, որ մեկ քարտեզի վրա հղում տալը շատ ռիսկային կլինի թե՛ այս փուլում, թե՛ որեւէ այլ փուլում»,- ասել է փոխվարչապետը։
Նա նաեւ նշել է, որ Տավուշի սահմանազատման գործընթացը կատարվել է 1976 թվականի քարտեզներով, իսկ Սյունիքինը պետք է լինի 1978-ինը։
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հաստատելուց հետո այն կընդգրկվի երեքշաբթի խորհրդարանի հիմնական օրակարգում։
Հիշեցնենք, որ կանոնակարգը ստորագրվել էր օգոստոսի 30-ին, որը Կառավարությունը խորհրդարան է ուղարկել արդեն սեպտեմբերի 26-ին՝ Սահմանադրական դատարանի կողմից այն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելուց հետո։